Թուրքիան հրետանային հարվածներով խոչընդոտում է ԴԱԻՇ-ի դեմ Սիրիայի քրդերի պայքարին. Լավրով


14:58 , 23 մարտ, 2016

1395321986Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է հետևել թուրք-սիրիական սահմանով զինյալների ու զենքերի ապօրինի տեղաշարժերին:

«Մենք հետևում ենք դրա (թուրքական սահման) միջոցով երկու ուղղությամբ կատարվող շարժերին։ Այդ շարժը թեև լրջորեն նվազել է մեր օդատիեզերական ուժերի կողմից Սիրիայից ապօրինի մաքսանենգության և հատկապես նավթի ու նավթամթերքի կանխմանն ուղղված գործողություն նախաձեռնելուց հետո, այնուամենայնիվ, հոսքը իսպառ չի վերացել, և Սիրիայի հյուսիսում ակտիվորեն օգտագործվում է քրդական երկու անկլավների միջև եղած սահմանը։

Հենց դրա համար էլ երբ քրդերը փորձում են ԴԱԻՇ-ից վերանվաճել այդ տարածքը, թուրքական կողմից հրետանային կրակ է բացվում քրդերի դիրքերի վրա, որով և նա խանգարում է ահաբեկչական այդ կազմակերպության դեմ պայքարին։

Մենք պահանջում ենք, որ իրագործվի ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը, որը պահանջում է ԴԱԻՇ-ի ու այլ ահաբեկիչների հետ ամեն տեսակի առևտրի կասեցում՝ լինեն դրանք նավթ, թե պատմամշակութային հուշարձաններ»,- ասել է Լավրովը։