Անվճար իրավաբանական օգնություն ավտովարորդներին՝ իրավունքների պաշտպանության գործում


13:00 , 23 մարտ, 2016

dfAraratnews.am-ը գրում է.

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացվեց «Անվճար իրավաբանական օգնություն ավտովարորդներին» ծրագիրը, որի հիմնական գործառույթն է  անվճար իրավաբանական օգնություն տրամադրել վարորդներին՝ իրավունքների պաշտպանության գործում:

«Ծրագիրը մեկնարկել է 2015  թվականի մայիս ամսից: Մեր հիմնական նպատակն էր  բարելավել  օրենսդրական դաշտը՝ ճանապարհատրանսպորտային ոլորտում, ինչպես նաև օգնել վարորդներին ճիշտ պաշտպանել իրենց իրավունքները: Մայիսից մինչ այսօր մեզ դիմել է 610 վարորդ, ովքեր ստացել են իրավաբանական աջակցություն»,-հանդիպման ժամանակ նշեց «Անվճար իրավաբանական օգնություն ավտովարորդներին» ծրագրի ղեկավար Մարիանա Գասպարյանը:

Բանախոսի խոսքով՝ խնդրի հետ կապված ավելի քան 350 գործ է ներկայացվել դատարան.« 350-ից 120 դատական գործ արդեն ավարտվել է և բոլորն էլ  վարորդների համար ունեցել են բարենպաստ ավարտ, իսկ մնացածը դեռ ընթացքի մեջ են»:

Նշենք նաև, որ ծրագրի շրջանակներում մշակվել է տեղեկատվական գրքույկ, որը կօգնի վարորդներին ճանապարհատրանսպորտային ոլորտում պաշտպանել իրենց իրավունքները:

Ասուլիսի հյուրերից իրավական փորձագետ Արա Ղազարյանն էլ նշեց, որ ծրագրի հիմնական նպատակներից է ոչ միայն անհատական իրավունքի պաշտպանությունը, այլ նաև այդ խնդիրների մասին բարձրաձայնելը և լուծումներ առաջարկելը.«Լուծումներն արվում են երկու եղանակով: Առաջինը՝ ստրատեգիական դատավարություն, այսինքն՝ մեկ դատավարությունը կարող է հասնել մինչև սահմանադրական դատարան, վճռաբեկ դատարան, կամ նույնիսկ՝ ստորադաս ատյաններում լուծում ստանալ և այդպիսով ստեղծել նախադեպ՝ պարտադրող կամ փափուկ: Երկրորդ՝ ստացված տվյալները վերլուծելու հիման վրա օրենսդրական փոփոխությունների նախագիծ կազմել և լոբբիստական ինչ-ինչ եղանակներով հասնել նրան, որ այդ փոփոխությունները օրենսդրության մեջ կատարվեն»:

Իրավական փորձագետի հավաստմամբ՝ ծրագիրը շարունակվելու է՝ անկախ այն հանգամանքից՝ ֆինանսավորում կլինի, թե ոչ: