09:20 , 23 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Պետք է նկատի ունենալ, որ այն բոլոր մեխանիզմները, որոնք նոր են և ներկայացված են Ընտրական օրենսգրքի նախագծում, դրանց հիմնական նպատակը մեկն է՝ ներդնել լրացուցիչ մեխանիզմներ, որոնք կնպաստեն հանրային վստահության բարձրացմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով ԸՕ նախագծին:
Ինչ վերաբերում է հենց հանձնաժողովին ուղղված մեղադրանքներին, և անվստահությանը, Տիգրան Մուկուչյանն ասաց, որ հնչած մեղադրանքների հետ համակարծիք չէ, թեև յուրաքանչյուրն ունի իր մոտեցումը, տեսակետը:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ուղղված խնդիրները, հիմնականում քվեարկության օրվա հետ են կապվում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության ավարտից հետո, ստանում է տեղամասերից թվային տվյալներ, որոնք հրապարակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում: Այդ տեղեկությունները ԿԸՀ փոխանցվում են անմիջապես քվեարկության ավարտից հետո, նրանք ստացվելուց հետո աղյուսակավորվում և տեղադրվում են կայքում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը, ըստ էության, այդ թվային տվյալները հանրագումարի բերելն է, ոչ ավելին»,- ասաց նա:
Հարցին, թե հանձնաժողովն իրոք վստահության խնդիր ունի, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ պետք է նկատել, որ ընտրական գործընթացի հետ կապված վստահության խնդիր իհարկե առկա է, որովհետև հենց նախագծի շուրջ ներկայացվող առաջարկությունների, բարձրացվող հարցերի համատեքստում ընկալելի է մեկ բան. ներ են դրվում մեխանիզմներ, գործիքներ, որոնք ունեն մեկ նպատակ բարձրացնել հանրային վստահությունը՝ ամբողջ գործընթացի նկատմամբ»։
ԿԸՀ նախագահն ասաց, որ ընտրական գործընթացի կամ ընտրական մշակույթի ձևավորումը ևս պետք է անցնի որոշակի ճանապարհ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի՝ լինի ընտրող, ընտրական գործընթացին մասնակցող այլ սուբյեկտ, այդ օրը լիարժեք պատկերացնի թե՛ իր իրավունքները, թե՛ իր պատասխանատվությունը:
Ինչ վերաբերում է նախագծում իրեն մտահոգող դրույթին՝ նա ասաց, որ գտնում է, թե պետք է որոշակի նոր լուծումներ մշակվեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների սահմանափակման վերաբերյալ:
«Միանշանակ համակարծիք եմ այն մոտեցմանը, որ դա խնդրի ավելի շատ բարձրաձայնում է, որպեսզի լրատվամիջոցները, որոնք ըստ էության չեն հանդիսանում իրական լրագրողներ, չեն ներկայացնում իրական լրատվամիջոցներ, քողարկված շահերով ներկա չգտնվեն տեղամասային կենտրոններում: Ես կարծում եմ, որ շատ կարևոր է դրա լուծումը գտնել, քանի որ այդ լուծումը միանշանակ կնպաստի առաջին հերթին լրագրողների, դիտորդների գործառույթների ավելի արդյունավետ իրականացմանը»,- ասաց նա և նշեց, որ այստեղ խնդիրը սահմանափակման մասին չէ, այլ որպեսզի բազմաթիվ անձիք, ովքեր լրագրող չեն քողարկված դիտորդ են, մեկ օրվա ընթացքում չստանան արհեստական կարգավիճակ: