Բա որ ձեր վստահված անձին չեք վստահում, էս ի՞նչ քաղաքական ախորժակով եք գնում ընտրությունների. Շարմազանովը՝ ընդդիմությանը


18:19 , 22 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի լսումների ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ բոլորն էլ շահագրգռված են և հասկանում են ԸՕ-ի ընդունման անհրաժեշտության պատճառը՝ անել հնարավորը, որ հասարակությունը վստահի ընտրությունների ընթացքը: 
 
«Բայց իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ որոշ հարգարժան ընդդիմադիր գործիչներ «կոնսենսուս», «կոնսոլիդացիա» և «ուլտիմատում» բառերը շփոթել են, կոնսենսուսը չի նշանակում, որ ընդդիմությունն ինչ ասի, մենք պետք է հալած յուղի պես ընդունենք և հակառակը, մենք ինչ ասենք, ընդդիմությունն ընդունի: «Կոնսենսուս» նշանակում է, որ նստենք քննարկենք, և համաձայնության գանք ռեալ առաջարկությունների շուրջ»,-ասաց նա:
 
Էդուարդ Շարմազանովը նշեց, թե հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը պարզ, հանրամատչելի հայտարարեց, որ ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակումը չի թույլատրվում:
 
«Խոսքը ծանոթացման մասին չէ, բայց կարող են ծանոթանալ և քաղվածք վերցնել, որն է փոխզիջումը, բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք հնարավորություն ընձեռել ծանոթանալու վստահված անձերին և  եթե այս կամ այն ուժը, որ չունի վստահված այնքան անձ, որին վստահում է, կներեք դրանում ո՛չ ՀՀԿ-ն է մեղավոր, ո՛չ իշխանությունն է մեղավոր, ո՛չ Դավիթ Հարությունյանը, ո՛չ էլ Հովհաննես Սահակյանը: Բա որ ձեր վստահված անձին չեք վստահում, էս ի՞նչ քաղաքական ախորժակով եք գնում ընտրությունների, յոթ հոգով յոթանասուն հոգու ախորժակ ունեք»,-ասաց նա:
 
Անդրադառնալով լրագրողների ու դիտորդների թվի սահմանափակմանը՝ Շարմազանովը  համաձայնվեց՝ լրատվության դերը շատ մեծ է և իրենք էլ կողմնակից ենք բազմակարծությանը, որ 24 ժամյա ռեժիմով պրոֆեսիոնալները լուսաբանեն ընտրական գործընթացը:

«Բայց կա պրոբլեմ չէ՞, եղել են դեպքեր, երբ չակերտավոր լրագրողներ են բերվել: Մենք ունենք 100-ից ավելի կայքեր, բազում թերթեր, հեռուստատեսություններ, ո՞նց եք ֆիզիկապես պատկերացնում, որ 50 լրագրող մի տեղամասում լինի»,- ասաց նա և հավելեց, թե կարող են առաջարկ անել, որ լրագրողները կարող են այնտեղ լինել և նաև ընտրական պրոցեսը չվերածվի քաոսային վիճակի:
Անդրադառնալով բանակցությունների 4+4+4 տարբերակին, որն առաջարկում է ՀԱԿ–ը, ԱԺ փոխխոսնակը հարցրեց, թե ինչպես են պատկերացնում դա, երբ ամենամեծ քաղաքական ուժը չկա այդ ֆորմատում: «Մեր առաջարկն է աշխատել միասին՝ առանց ավելորդ զգացմունքների, և գանք այն նպատակին, որ այո, և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, և՛ քաղհասարակությունը կվստահեն ԸՕ-ին։ Կվստահենք՝ կունենանք լավ Ընտրական օրենսգիրք, չենք վստահի՝ չենք ունենա»,-ասաց նա: