Ռուսաստանի հետ երկխոսությունը օգնել է Վրաստանին եվրաինտեգրման գործում. Աբաշիձե


15:10 , 22 մարտ, 2016

Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելը Վրաստանին հնարավորություն է տվել հաջողությամբ առաջ գնալ եվրաինտեգրման ճանապարհով: TV Pirveli հեռուստաընկերության հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

«Ռուսաստանի հետ երկխոսությունը մեզ հնարավորություն տվեց հաջողությամբ առաջ գնալ եվրաինտեգրման ճանապարհով, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ձևակերպել, մինչև ամառ կավարտվի վիզաների ազատականացման գործընթացը: Սրանք պատմական ձեռքբերումներ են, և Ռուսաստանի հետ երկխոսությունը այդ ձեռքբերումների կարևոր մաս է: Դա հենց այդպես են համարում մեր արևմտյան գործընկերները»,- հայտարարել է Աբաշիձեն TV Pirveli-ով հեռարձակվող ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ մարդասիրական հարցերով ուղիղ երկխոսություն սկսելն անհրաժեշտ է եղել երկրի կայունության ապահովման համար:

«Ռուսաստանի հետ լարվածության նվազումը երկրի կայունության կարևոր գործոնն է»,- ասել է Աբաշիձեն: