14:44 , 22 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների առնչությամբ փակվել է Ֆրանսիայի և Բելգիայի սահմանը։ Ուժեղացվել են Բելգիայի միջուկային օբյեկտների անվտանգության միջոցառումները, հաղորդում է РИА Новости-ն:
Բացի այդ, The Guardian-ի հաղորդմամբ, դադարեցվել է Բրյուսելի կայարանից դեպի Փարիզ ընթացող բոլոր գնացքների շարժը։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ լրացուցիչ ռազմական միավորներ են տեղակայվել երկրի վարչապետի գրասենյակի մոտակայքում:
Twitter-ի իր էջում Eurostar-ը հայտնել է, որ չեղյալ է հայտարարվել Բրյուսելի ուղղությամբ բոլոր գնացքների մեկնումը։ Ընկերությունը խորհուրդ է տվել նաև հաճախորդներին չգնալ կայարան:
Հաղորդվում է, որ տեղի ունեցած ահաբեկչական շարքի առնչությամբ ուժեղացվել են Բրյուսելում ՆԱՏՕ-ի գրասենյակի անվտանգության միջոցառումները։ Այդ մասին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչը:
Լոնդոնի ոստիկանությունը լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկել քաղաքի կենտրոնում անվտանգության ապահովման համար՝ Բելգիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչությունների առնչությամբ:
Փարիզի իշխանությունները նույնպես ուժեղացրել են անվտանգության միջոցառումները։













