ԸՕ-ի նախագիծը խճճված է, և իրավաբան է պետք լինել այն հասկանալու համար. Լյուդմիլա Սարգսյան


13:54 , 22 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Կառավարության կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագիծն այնքան է խճճված, որ պետք է առնվազն իրավաբան լինել, որ կարողանաս հասկանալ` ինչը ինչից հետո է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը՝ ընդգծելով, որ ամբողջ աշխարհը գնում է օրենքների պարզեցման, սակայն Հայաստանում հակառակն է։


«Ինձ մոտ տպավորություն կա, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ շատ քաղաքական ուժեր անալիտիկ կենտրոն պետք է բացեն, որ հասկանան` ինչը որից հետո է։ Ես անձամբ ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում մի քանի հարցեր եմ ուղղել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, սակայն դրանք մնացին հիմնականում անպատասխան»,- ասաց նա:


Լյուդմիլա Սարգսյանը մասնավորապես նշեց ընտրագրավի բարձրացման խնդիրը, որը նախատեսված է նախագծով։


«Խորհրդարանական կառավարման համակարգն ասում է, որ պետք է բարձրացվի կուսակցությունների դերը և ամեն ինչ արվում է, որ կուսակցությունները գնան արհեստական մեծացման: Ես համոզված եմ, որ այսպես եթե լինի, մենք ոչ թե ունենալու ենք որակյալ խորհրդարան, այլ հակառակը։ Ընտրացուցակների հրապարակման մասին էլ ասեմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը ևս խոչընդոտ չէ, քանի որ չի արգելում և ընտրացուցակների հրապարակման որոշումը թողնված է իշխանությունների վրա»,- ասաց նա։


Նա խոսեց նաև ազգային փոքրամասնություններին ընտրացուցակներում ընդգրկելու մասին և նշեց. «Նրանց պետք է իր ցուցակի մեջ ներառի այն քաղաքական ուժը, որը հավակնում է լինել առաջինը և հաստատուն տեղեր պահի նրա համար: Մնացած քաղաքական ուժերին դա պարտադրել չի կարելի: Կոալիցիաների ձևավորումը ևս ինձ մտահոգում է, երեք քաղաքական ուժով է սահմանափակվում, որը ընդունելի չէ։ Սա նշանակում է, որ երբեք ընդդիմությունը չի կարողանա միավորվել ու դառնալ իշխանություն»։