Պայթյուններ Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում. ԹԱՐՄԱՑՎՈՂ


13:22 , 22 մարտ, 2016

17.39 Բելգիայի ոստիկանությունը երկու մարդու է ձերբակալել և արդեն ուսումնասիրում է Բրյուսելի օդանավակայանում պայթյուններ կազմակերպած անձանցից մեկի կադրերը տեսահսկման համակարգից, հաղորդում է The Daily Mail-ը:


Իրավապահները փորձում են գտնել հարձակումների հետևում կանգնած հնարավոր կասկածյալներին, և արդեն առնվազն երկու մարդ է ձերբակալվել Բրյուսելում՝ քաղաքի Հյուսիսային երկաթգծի կայարանի մոտակայքում:

 16.59  Բելգիական ոստիկանությունը երկու կասկածելի փաթեթի հայտնաբերումից հետո տարհանում է Բրյուսելի «Հարավային աշտարակում»՝ Բելգիայի ամենաբարձր երկնաքերում գտնվող մարդկանց, հաղորդում է RTBF հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ կասկածելի իրերը հայտնաբերվել են Ազգային կենսաթոշակային հիմնադրամում, որը գտնվում է շենքի 38-րդ հարկում:

Դեպքի վայր է ժամանել սակրավորների թիմը:

 16.46  Բրյուսելի ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 34-ի, հայտնում է Reuters-ը:

Բելգիական VRT լրատվամիջոցի հաղորդմամբ՝ 20 հոգի մահացել է մետրոյի կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, մինչդեռ 14 հոգի մահացել է Զավենտեմի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով:

Վիրավորների ընդհանուր թիվը մոտ 150 է։

 16.44  Բելգիայի թագավոր Ֆիլիպը և թագուհի Մաթիլդան տարհանվել են Բրյուսելից: Այդ մասին հայտնել է RTBF հեռուստաալիքը:

«Թագավոր Ֆիլիպը և թագուհի Մաթիլդան տարհանվել են Բրյուսելում գտնվող իրենց պալատից՝ Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների առնչությամբ»,- հայտնել է հեռուստաալիքը:

 16.03 «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է երեքշաբթի օրը Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը։ Այդ մասին հայտնում է askanews իտալական գործակալությունը՝ վկայակոչելով ԻՊ-ի հետ կապ ունեցող Amaq գործակալությանը։

 15.54 Բելգիայի առողջապահության նախարար Մեգի դե Բլոկը հաստատել է, որ 11 մարդ է զոհվել և 81 հոգի վիրավորվել Բրյուսելի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով, հաղորդում է The Guardian-ը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բրյուսելի մետրոյի La Stib օպերատոր ընկերությունը հայտնել է, որ մետրոյի Մալբեկ կայարանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորվել՝ 55-ը: Նրանցից 10 հոգին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

15.36  Բրյուսելում այսօր տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից րոպեներ առաջ Եվրոպական խորհրդարանի բրիտանացի պատգամավորը կասկածելի ճամպրուկ է հայտնաբերել Բրյուսելի կենտրոնում և դիմել իրավապահներին, հաղորդում է express.co.uk-ը:
Մեծ Բրիտանիայի անկախության կուսակցության խոսնակ Միկե Հուքեմը, ում աշխատակազմը զգուշացրել է երկրի իշխանություններին, Twitter-ում տեղադրել է ճամպրուկի լուսանկարը:

Կայքը հիշեցնում է, որ պայթյուններից մեկը տեղի է ունեցել Եվրամիության շենքերի և Թագավորական պալատի մոտ գտնվող մետրոյի կայարանում։

 15.27 Բրյուսելի մետրոյի La Stib օպերատոր ընկերությունը հաստատել է, որ մետրոյի Մալբեկ կայարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը 15 է, հաղորդում է The Guardian-ը:


STIB-MIVB օպերատոր ընկերությունը նույնպես հաստատել է, որ Մալբեկ կայարանում պայթյունի զոհերի թիվը 15 է, վիրավորվել է 55 մարդ:

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը դատապարտել է հարձակումները՝ դրանք անվանելով «կույր և փոքրոգի»:

«Մենք պետք է դիմակայենք այս մարտահրավերին համերաշխ, միավորված, միասին»,- հավելել է նա։

Հեռուստատեսությամբ հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ նա «հանգստության և համերաշխության» կոչ է արել։

 14.56 Սակրավորները կասկածելի իր են պայթեցրել Բրյուսելի փողոցներից մեկում, որտեղ տեղակայված են եվրոպական ինստիտուտները և մետրոյի այն կայարանը, որտեղ ավելի վաղ պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը թույլատրված է եղել, հայտնում է RTBF հեռուստաալիքը:


«Մեզ հաստատել են, որ պայթյուն է տեղի ունեցել Լուա փողոցում, բայց խոսքը սակրավորների աշխատանքի մասին է: Նրանք կասկածելի իր են պայթեցրել: Խոսքը նոր հարձակման մասին չէ: Սակրավորները մաքրում են Մալբեկ մետրոյի կայարանի մոտ գտնվող հատվածը»,- հայտարարել է հեռուստաալիքի լրագրողը:

 14.18  Բելգիան հայտարարել է Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների առնչությամբ սահմանները փակելու մասին։ Այդ մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների առնչությամբ փակվել է Ֆրանսիայի և Բելգիայի սահմանը։ Ուժեղացվել են Բելգիայի միջուկային օբյեկտների անվտանգության միջոցառումները, հաղորդում է РИА Новости-ն:


Հաղորդվում է, որ տեղի ունեցած ահաբեկչական շարքի առնչությամբ ուժեղացվել են Բրյուսելում ՆԱՏՕ-ի գրասենյակի անվտանգության միջոցառումները։ Այդ մասին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչը:
 

Լոնդոնի ոստիկանությունը լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկել քաղաքի կենտրոնում անվտանգության ապահովման համար՝ Բելգիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչությունների առնչությամբ:

Փարիզի իշխանությունները նույնպես ուժեղացրել են անվտանգության միջոցառումները։

 13.57  Բրյուսելում ահաբեկիչների հարձակումների առնչությամբ ստեղծված ճգնաժամային կենտրոնը խորհուրդ է տալիս քաղաքում գտնվող բոլոր մարդկանց պահպանել հանգստություն և մնալ այնտեղ, որտեղ այս պահին գտնվում են: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:


Նման առաջարկով է իր աշխատակիցներին դիմել նաև Եվրահանձնաժողովը, որը խնդրել է աշխատավայրում գտնվող իր աշխատակիցներին փակվել գրասենյակներում, իսկ նրանց, ովքեր դեռ չեն եկել աշխատանքի՝ մնալ տանը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բրյուսելում ահաբեկչություններից հետո չեն աշխատում օդանավակայանը, մետրոն, կենտրոնական կայարանը, ողջ հանրային տրանսպորտը, ներառյալ՝ տաքսին:

Բրյուսելի բնակիչներին խնդրել են նաև խուսափել հեռախոսազանգեր կատարելուց:


«Բրյուսելի բջջային ցանցերը գերծանրաբեռնվում են: Խնդրում ենք, կապ պահպանել մեսենջերների միջոցով՝ Facebook, WhatsApp, Twitter: Խուսափե՛ք զանգերից»,- Twitter-ում գրել է Բելգիայի վարչապետի տեղակալ Ալեքսանդր Դե Կրուն:

Belga գործակալությունը հայտնել է նաև, որ տարհանվել են Բելգիայի խորհրդարանի շենքում գտնվող բոլոր մարդիկ։

 13.33  Բելգիական VTM լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մոտ 10 մարդ: Կայարանը գտնվում է Եվրամիության շենքերից 500 մետր հեռավորության վրա:


Որոշ լրատվամիջոցներ հայտնում են Բրյուսելի մետրոյում տեղի ունեցած չորրորդ պայթյունի մասին: Ավելի վաղ հաղորդվել է Բրյուսելի մետրոյում երեք պայթյունների մասին՝ Մալբեկ, Շուման և Արտ-լուա կայարաններում։

Բրյուսելում մի շարք պայթյուններից հետո դադարեցվել է ավտոբուսների և տրամվայների երթևեկությունը, հաղորդում է FranceInfo-ն:

The Guardian-ի հաղորդմամբ՝ ահաբեկչական հարձակումներից հետո Եվրոպական հանձնաժողովը փակել է իր անձնակազմին շենքի ներսում։ Անձնակազմի հարցերով պատասխանատու ԵՄ փոխնախագահ Քրիստալինա Գեորգիևան հրահանգել է անձնակազմին մնալ շենքի ներսում:

13.10  Բրյուսելի օդանավակայանում պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Բելգիական VRT լրատվամիջոցը հայտնում է Բրյուսելի օդանավակայանում առնվազն 13 զոհի և 35 վիրավորի մասին:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բրյուսելում հայտնաբերվել է մի քանի պայթուցիկ սարք, որոնք չեն պայթել:

RTBF-ի հաղորդմամբ՝ Բրյուսելի Զավենտեմի օդանավակայանում երկու պայթյունի հետևանքով փլվել է կախովի առաստաղը։
 

13.01  Բրյուսելի մետրոյում տեղի է ունեցել երրորդ պայթյունը: Այդ մասին հայտնում է RBTF հեռուստաալիքը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բրյուսելի մետրոյում տեղի է ունեցել երկու պայթյուն։ Հաղորդվում է մի քանի վիրավորի մասին: 

Նախորդ երկու պայթյունները տեղի են ունեցել Մալբեկ և Շուման կայարաններում:

Հաղորդվում է, որ կենտրոնական կայարանից մարդիկ տարհանվում են։

Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել մետրոյի երկու կայարաններում պայթյունների մասին:

Բրյուսելի իշխանությունները խնդրում են մարդկանց մնալ տներում՝ օդանավակայանում և մետրոյի կայարաններում տեղի ունեցած պայթյուններից հետո:

12.52  Բրյուսելում մետրոյի ևս մի կայարանում է պայթյուն տեղի ունեցել, հայտնում է The Telegraph-ը:

Հաղորդվում է, որ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Շուման կայարանում՝ Եվրահանձնաժողովի և ԵՄ Խորհրդի շենքերի մոտակայքում։

Associated Press-ը հաղորդում է մետրոյի կայարանում մի քանի վիրավորի մասին։ Ավելի վաղ հաղորդվել է, որ պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում, որը գտնվում է «եվրոպական» թաղամասի գոտում։ 

 12.35 Պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում, որը գտնվում է «եվրոպական» թաղամասի գոտում: Այդ մասին հայտնել է RTBF հեռուստառադիոընկերությունը:

«Մեր տեղեկությունների համաձայն՝ պայթյուն է տեղի ունեցել Մալբեկ կայարանում, ճյուղի երթևեկությունը դադարեցվել է»,- ասված է հաղորդագրությունում:

Լրատվամիջոցի տվյալներով՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն մեկ մարդ:

The Guardian-ը՝ վկայակոչելով STIB/MIVB-ին՝ Բրյուսելի հանրային տրանսպորտի օպերատոր ընկերությանը, հաղորդում է, որ Բրյուսելում փակվել է ողջ մետրոյի համակարգը:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Բելգիայում ահաբեկչական վտանգի մակարդակը հասցվել է առավելագույնի: Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարը:

 12.22  Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Belga բելգիական լրատվական գործակալությանը, հայտնել է, որ մինչ պայթյունները Բրյուսելի օդանավակայանում կրակոցներ են հնչել և արաբերենով բղավոցներ:

The Guardian-ի հաղորդմամբ՝ Բելգիայի ոստիկանությունը հաստատել է, որ առնվազն մեկ մարդ է զոհվել պայթյունի հետևանքով:

«Մեկ մարդ է զոհվել և հավանաբար կան նաև այլ զոհեր»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

A soldier walks through debris after two explosion rocked a terminal building at Brussels Airport
Հաղորդվում է, որ պայթյունները տեղի են ունեցել Բրյուսելում՝ նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կազմակերպման մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամի ձերբակալությունից չորս օր անց: 


Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յամբոնը երկուշաբթի օրը հայտնել է, որ երկիրը բարձր զգոնության վիճակում է՝ 26-ամյա Աբդեսլամի ձերբակալությունից հետո հավանական վրեժխնդրության հարձակման պատճառով:

 12.08  Բրյուսելի օդանավակայանում պայթյունի հետևանքով զոհվել է 14 մարդ, ավելի քան 30 հոգի վիրավորվել է: Այդ մասին հայտնում է RTL հեռուստաալիքը։

«Բրյուսելի միջազգային օդանավակայանում մեկնման սրահում երկու պայթյունի հետևանքով 14 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է»,- հայտնել է հեռուստաալիքը:

Ինչպես հայտնում է բրիտանական Sky News-ը, պայթյունները տեղի են ունեցել ամերիկյան American Airlines ավիաընկերության գրանցման վայրի մոտակայքում:

Օդանավակայանն ամբողջությամբ արգելափակվել է, դադարեցվել է ինքնաթիռների և տրանսպորտի երթևեկությունն օդանավակայանի ուղղությամբ: Ներկայում օդանավակայանի մոտ են կենտրոնանում ոստիկանության ուժերը:

 11.54  Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած երկու պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը՝ բելգիական դաշնային ոստիկանության մամուլի քարտուղարին հղումով։ 

Հաղորդվում է, որ պայթյունները տեղի են ունեցել American Airlines-ի գրանցման վայրի մոտ։ 

«Պայթյուն է եղել… մի քանի զոհ կա և վիրավորներ, բայց այս պահին չենք կարող ասել, թե քանի»,- ասել է ոստիկանության խոսնակը:

Հայտնի է դարձել, որ դադարեցվել է օդանավակայան գնացքների երթևեկությունը։


Բրյուսելի օդանավակայանը Twitter-ի իր էջում հաստատել է երկու պայթյունների մասին տեղեկությունը և կոչ արել չգալ օդանավակայանի տարածք։

Բրյուսելի Զավենտեմի օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է RTBF հեռուստաալիքը:

Injured passengers are covered in blood and dust after the explosions in the terminal building
Պայթյունների պատճառները դեռ հայտնի չեն:

Ականատեսը հայտնել է, որ տեսել է մի քանի վիրավորի: Այս տեղեկությունն, այնուամենայնիվ, հաստատված չէ: Հաղորդվում է, որ իրականացվում է օդանավակայանի շենքից մարդկանց տարհանում: Բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել:

Այժմ պարզվում են տեղի ունեցածի մանրամասները:

Ինչպես հայտնում է BBC-ն, սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է տերմինալներից մեկից բարձրացող ծուխը: Դեպքի վայրից սոցիալական մեդիաներում հաղորդումների համաձայն՝ օդանավակայանում խուճապ է. մարդիկ սկսել են փախչել օդանավակայանի շենքերից: