13:12 , 22 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Վաղը Գյումրու կենդանաբանական այգու արջերը՝ Մաշան ու Միշան, կտեղափոխվեն Ռումինիա և կպահվեն մի կացարանում, որը նախատեսված է դժվար պայմաններում ապրած արջերի համար։
Այս մասին արջերի տեղափոխմանը նվիրված քննարկմանը հայտարարեց «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը՝ մանրամասնելով. «Արջերը, որոնք նեղ պայմաններում են ապրել, հոգեբանական, առողջական խնդիրներ ունեն, մինչև իրենց կյանքի վերջը այնտեղ բարեկեցիկ կյանքով կապրեն»։
Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանն էլ նշեց, որ այսօր Գյումրի կենդանաբանական այգու թե՛ արջերը և թե՛ երեք առյուծները լիարժեք պատրաստ են տեղափոխման:
Հիշեցնենք, որ Գյումրու մասնավոր կենդանաբանական այգում պահվող կենդանիների անմխիթար վիճակի մասին բրիտանական լրատվամիջոցների անդրադարձից հետո Հայաստանում ի պաշտպանություն այդ կենդանիների հնչեղ արձագանք եղավ ինչպես հասարակական կազմակերպությունների, այնպես էլ մեդիայի կողմից և մինի կենդանաբանական այգու արջերը՝ Մաշան և Միշան, հունվարի 22-ին տեղափոխվեցին Երևանի կենդանաբանական այգի, որտեղ, Ռումինիա տեղափոխվելու համար հատուկ պատվաստումներ անցան ու լուծվեց նրանց տեղափոխման համար անհրաժեշտ անձնագրերի հարցը: Արջերին Ռումինիայի արջերի պահպանության և խնամքի համար նախատեսված հատուկ պահպանվող այգի տեղափոխելու ցանկություն հայտնել էր Libearty Bear Sanctuary կենդանիների պաշտպանության ասոցիացիան:
ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն էլ նշեց, որ նախարարությունում ստեղծված հանձնախումբը պետք է առաջարկներ ներկայացներ նման կենդանիների պահման պայմանների վերաբերյալ, որովհետև կան կենդանիներ, որոնք պահվում են նույնքան անմխիթար պայմաններում, ինչպես օրինակ՝ տարբեր մասնավոր կենդանաբանական այգիներում
«Առաջին բանը, որ արվեց, ուսումնասիրվեց վիճակը, ովքեր են մեղավորները և ինչ պետք է անել հրատապ լուծում տալու համար: Եվ անմիջապես հանդիպեցինք մեր գործընկերների հետ հասարակական սեկտորում, միևնույն ժամանակ կապ հաստատեցինք Վրաստանի ու Ռուսաստանի կենդանաբանական այգիների հետ՝ փորձելով կենդանիներին տեղավորել իրենց վերականգնողական կենտրոններում»,- տեղեկացրեց փոխնախարարը:
Նմանօրինակ առաջարկ է եղել նաև Գյումրու կենդանաբանական այգու երեք առյուծներին Ուրցաձորի Կովկասյան ապաստանում տեղավորելու հարցում:
Նա նշեց, որ առաջիկայում ԱԺ-ում լսումներ են լինելու Բնապահպանության նախարարության ներկայացրած նախագծի հիման վրա, որով ամրագրվելու է, որ կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների կեցությունը պետք է լինի միայն միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում։
Նախարարությունը, նորամուծություն է մտցրել՝ առաջարկելով սահմանել, որ այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ովքեր թույլտվություն կստանան կենդանիներ պահելու, նաև համապատասխան տուրք վճարեն, որով շրջանառու ֆոնդ կստեղծվի ու գումարները կուղղվեն առկա խնդիրներին: