12:20 , 22 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
22.56 Բելգիայի թագավոր Ֆիլիպը հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել և նշել, որ ինքը և թագուհի Մաթիլդան կիսում են ահաբեկչության արդյունքում տուժածների ցավը։
«Այսօր մեր երկիրը սգում է: Մարտի 22-ը մեզ համար երբեք չի մնա որպես սովորական օր: Այս տանջանքը ամբողջ երկրին է: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում արտակարգ իրավիճակների ծառայությանը և անվտանգության ուժերին»,-ասել է նա։ .jpg)
22.58 Փարիզում Էյֆելյան աշտարակն ի աջակցություն բելգիացիների, լուսավորվել է Բելգիայի դրոշի գույներով:
Դուբայում գտնվող աշխարհի ամենաբարձր շենքը `Բուրջ Խալիֆան ևս, լուսավորվել է Բելգիայի դրոշի գույներով:

22.52 Բրյուսելում քաղաքացիները կավճանկարներով աջակցություն են հայտնում ահաբեկչության զոհերի հարազատներին և վիրավորներին։
22.50 Կիրակի օրը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի կունենա «Վախի դեմ» քայլերթ: Այս մասին հայտարարել է Եվրոպական Խորհրդարանի խոսնակ Ֆյուլերը։
«Հարձակման է ենթարկվել Եվրոպայի քաղաքացին: Բելգիան պետք է ցույց տա, որ չի հանձնվում ահաբեկչությանը»,–հայտարարել է նա։
22.32 BBC-ի լրագրող Մաթյու Պրայսը հաղորդում է, որ Բրյուսելում մարդիկ հավաքվում են բորսայի նախկին շենքի դիմաց:
22.30 Ֆեդերալ դատախազ Ֆրեդերիկ վան Լյովը հայտնել է, որ Բրյուսելի Շաերբեկ թաղամասի զննությամբ հայտնաբերվել է մեխեր պարունակող պայթուցիկ սարք, քիմիական նյութեր և Իսլամական պետության դրոշ:
Այս մասին հայտնում է BBC-ն։
20.55 CNN-ը հաղորդում է, որ վիրավորների թիվը հասել է 230-ի։
20.23 Բրյուսելում հյուրանոցներն անվճար սենյակներ են տրամադրում ահաբեկչությունից տուժած անձանց։ Այս մասին տեղեկացնում է nieuws.vtm.be կայքը։
Հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը։
19.36 Բելգիայում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո երկրում հայտարարվել է եռօրյա սուգ: Այս մասին հայտարարությունն արել է Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յանբոնը:
19.31 Բելգիայի ոստիկանությունը հայտնաբերել է Բրյուսելի օդանավակայանում պայթյուն իրականացրած մահապարտ ահաբեկչի դին, որի կողքին «Կալաշնիկով» ավտոմատ է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով VRT բելգիական հեռուստաալիքին:
Այսօր առավոտյան տեղի ունեցած երկու պայթյուններից հետո Բրյուսելի ոստիկանությունը ոչնչացնում է ողջ քաղաքի տարածքում հայտնաբերված կասկածելի պայուսակներն ու իրերը:
Ինչպես արդեն հաղորդվել էր` Բելգիայի ոստիկանությունը երկու տղամարդու է ձերբակալել ահաբեկչության իրականացման կասկածանքով:
Բացի այդ, Daily Mail-ի տվյալներով` ոստիկանությունն արդեն ուսումնասիրում է Բրյուսելի օդանավակայանում պայթյուններ կազմակերպած անձանցից մեկին վերաբերող կադրերը տեսահսկման համակարգից:
19.22 Համացանցում հրապարակվել է Բրյուսելի Զավենտեմի օդանավակայանում այս տեղի ունեցած երկու պայթյունների հեղինակների լուսանկարը, հայտնում է բելգիական rtl.be կայքը:
Կայքը նշում է, որ լուսանկարն արված է օդանավակայանի տեսախցիկով: Այլ մանրամսներ առայժմ չեն հաղորդվում:
Հիշեցնենք որ այսօր Բրյուսելի Զավենտեմի օդանավակայանում և մետրոյի մի քանի կայարաններում տեղի են ունեցել պայթյուններ, ինչի հետևանքով ահաբեկչությանը զոհ է գնացել առնվազն 34 մարդ, վիրավորվել են ավելի քան 170-ը։
18.55 Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում այսօր տեղի ունեցած պայթյուններից հետո տարհանում են Եվրոպական հանձնաժողովի շենքը: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում Belga գործակալությունը:
Տեղի ոստիկանության ներկայացուցիչների խոսքով` շենքում գտնվող աշխատակիցների տարհանումն սկսվել է երևանի ժամանակով 17:00-ին: Վաղ առավոտյան Եվրահանձնաժողովը իր աշխատակիցներին կոչ էր արել մնալ տանը:
Ավելի վաղ հաղորդվում էր երկու բելգիական ատոմակայանների տարհանման մասին:
Բելգիայում առավոտյան տեղի ունեցած պայթյուններից հետո ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Ահաբեկչությանը զոհ են գնացել առնվազն 34 մարդ, վիրավորվել են ավելի քան 170-ը։
18.36 Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում այսօր տեղի ունեցած պայթյուններից հետո երկրի երկու ատոմային էլեկտրակայաններ են տարհանում: Այս մասին հաղորդում բելգիական HLN պարբերականը:
Տարհանումն իրականացվում է «Տիանժ» ԱԷԿ-ում, որը գտնվում է երկրի հարավում` Լյոժ նահանգում: Տարհանման պատճառներն անհայտ են:
France Info պարբերականի տվյալներով` տարհանման է ենթարկվում նաև «Դուլ» ատոմակայանը:
Նշվում է, որ Բելգիայում ընդամենը երկու ատոմակայան է գործում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելգիայում, ինչպես նաև եվրոպական մի շարք այլ երկրներում ուժեղացվում են անվտանգության միջոցառումները` պայմանավորված ահաբեկչության բարձր վտանգով:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան պայթյուններ են տեղի ունեցել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի կայարաններից մեկում, որոնց հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի:
18.31 Բրյուսելում այսօր տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թիվը հասել է 170-ի։ Հիշեցնենք, որ այսօր Երևանի ժամանակով 16.46-ի դրությամբ վիրավորների թիվը 150 էր։ Հաղորդվում է, որ պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ։
17.39 Բելգիայի ոստիկանությունը երկու մարդու է ձերբակալել և արդեն ուսումնասիրում է Բրյուսելի օդանավակայանում պայթյուններ կազմակերպած անձանցից մեկի կադրերը տեսահսկման համակարգից, հաղորդում է The Daily Mail-ը:
Իրավապահները փորձում են գտնել հարձակումների հետևում կանգնած հնարավոր կասկածյալներին, և արդեն առնվազն երկու մարդ է ձերբակալվել Բրյուսելում՝ քաղաքի Հյուսիսային երկաթգծի կայարանի մոտակայքում:
16.59 Բելգիական ոստիկանությունը երկու կասկածելի փաթեթի հայտնաբերումից հետո տարհանում է Բրյուսելի «Հարավային աշտարակում»՝ Բելգիայի ամենաբարձր երկնաքերում գտնվող մարդկանց, հաղորդում է RTBF հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ կասկածելի իրերը հայտնաբերվել են Ազգային կենսաթոշակային հիմնադրամում, որը գտնվում է շենքի 38-րդ հարկում:
Դեպքի վայր է ժամանել սակրավորների թիմը:
16.46 Բրյուսելի ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 34-ի, հայտնում է Reuters-ը:
Բելգիական VRT լրատվամիջոցի հաղորդմամբ՝ 20 հոգի մահացել է մետրոյի կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, մինչդեռ 14 հոգի մահացել է Զավենտեմի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով:
Վիրավորների ընդհանուր թիվը մոտ 150 է։
16.44 Բելգիայի թագավոր Ֆիլիպը և թագուհի Մաթիլդան տարհանվել են Բրյուսելից: Այդ մասին հայտնել է RTBF հեռուստաալիքը:
«Թագավոր Ֆիլիպը և թագուհի Մաթիլդան տարհանվել են Բրյուսելում գտնվող իրենց պալատից՝ Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների առնչությամբ»,- հայտնել է հեռուստաալիքը:
16.03 «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է երեքշաբթի օրը Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը։ Այդ մասին հայտնում է askanews իտալական գործակալությունը՝ վկայակոչելով ԻՊ-ի հետ կապ ունեցող Amaq գործակալությանը։
15.54 Բելգիայի առողջապահության նախարար Մեգի դե Բլոկը հաստատել է, որ 11 մարդ է զոհվել և 81 հոգի վիրավորվել Բրյուսելի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով, հաղորդում է The Guardian-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բրյուսելի մետրոյի La Stib օպերատոր ընկերությունը հայտնել է, որ մետրոյի Մալբեկ կայարանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորվել՝ 55-ը: Նրանցից 10 հոգին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
15.36 Բրյուսելում այսօր տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից րոպեներ առաջ Եվրոպական խորհրդարանի բրիտանացի պատգամավորը կասկածելի ճամպրուկ է հայտնաբերել Բրյուսելի կենտրոնում և դիմել իրավապահներին, հաղորդում է express.co.uk-ը:
Մեծ Բրիտանիայի անկախության կուսակցության խոսնակ Միկե Հուքեմը, ում աշխատակազմը զգուշացրել է երկրի իշխանություններին, Twitter-ում տեղադրել է ճամպրուկի լուսանկարը:
Կայքը հիշեցնում է, որ պայթյուններից մեկը տեղի է ունեցել Եվրամիության շենքերի և Թագավորական պալատի մոտ գտնվող մետրոյի կայարանում։
15.27 Բրյուսելի մետրոյի La Stib օպերատոր ընկերությունը հաստատել է, որ մետրոյի Մալբեկ կայարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը 15 է, հաղորդում է The Guardian-ը:
STIB-MIVB օպերատոր ընկերությունը նույնպես հաստատել է, որ Մալբեկ կայարանում պայթյունի զոհերի թիվը 15 է, վիրավորվել է 55 մարդ:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը դատապարտել է հարձակումները՝ դրանք անվանելով «կույր և փոքրոգի»:
«Մենք պետք է դիմակայենք այս մարտահրավերին համերաշխ, միավորված, միասին»,- հավելել է նա։
Հեռուստատեսությամբ հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ նա «հանգստության և համերաշխության» կոչ է արել։
14.56 Սակրավորները կասկածելի իր են պայթեցրել Բրյուսելի փողոցներից մեկում, որտեղ տեղակայված են եվրոպական ինստիտուտները և մետրոյի այն կայարանը, որտեղ ավելի վաղ պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը թույլատրված է եղել, հայտնում է RTBF հեռուստաալիքը:
«Մեզ հաստատել են, որ պայթյուն է տեղի ունեցել Լուա փողոցում, բայց խոսքը սակրավորների աշխատանքի մասին է: Նրանք կասկածելի իր են պայթեցրել: Խոսքը նոր հարձակման մասին չէ: Սակրավորները մաքրում են Մալբեկ մետրոյի կայարանի մոտ գտնվող հատվածը»,- հայտարարել է հեռուստաալիքի լրագրողը:
14.18 Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների առնչությամբ փակվել է Ֆրանսիայի և Բելգիայի սահմանը։ Ուժեղացվել են Բելգիայի միջուկային օբյեկտների անվտանգության միջոցառումները, հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ տեղի ունեցած ահաբեկչական շարքի առնչությամբ ուժեղացվել են Բրյուսելում ՆԱՏՕ-ի գրասենյակի անվտանգության միջոցառումները։ Այդ մասին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչը:
Լոնդոնի ոստիկանությունը լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկել քաղաքի կենտրոնում անվտանգության ապահովման համար՝ Բելգիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչությունների առնչությամբ:
Փարիզի իշխանությունները նույնպես ուժեղացրել են անվտանգության միջոցառումները։

13.57 Բրյուսելում ահաբեկիչների հարձակումների առնչությամբ ստեղծված ճգնաժամային կենտրոնը խորհուրդ է տալիս քաղաքում գտնվող բոլոր մարդկանց պահպանել հանգստություն և մնալ այնտեղ, որտեղ այս պահին գտնվում են: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նման առաջարկով է իր աշխատակիցներին դիմել նաև Եվրահանձնաժողովը, որը խնդրել է աշխատավայրում գտնվող իր աշխատակիցներին փակվել գրասենյակներում, իսկ նրանց, ովքեր դեռ չեն եկել աշխատանքի՝ մնալ տանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բրյուսելում ահաբեկչություններից հետո չեն աշխատում օդանավակայանը, մետրոն, կենտրոնական կայարանը, ողջ հանրային տրանսպորտը, ներառյալ՝ տաքսին:
Բրյուսելի բնակիչներին խնդրել են նաև խուսափել հեռախոսազանգեր կատարելուց:
«Բրյուսելի բջջային ցանցերը գերծանրաբեռնվում են: Խնդրում ենք, կապ պահպանել մեսենջերների միջոցով՝ Facebook, WhatsApp, Twitter: Խուսափե՛ք զանգերից»,- Twitter-ում գրել է Բելգիայի վարչապետի տեղակալ Ալեքսանդր Դե Կրուն:
Belga գործակալությունը հայտնել է նաև, որ տարհանվել են Բելգիայի խորհրդարանի շենքում գտնվող բոլոր մարդիկ։
13.10 Բրյուսելի օդանավակայանում պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Բելգիական VRT լրատվամիջոցը հայտնում է Բրյուսելի օդանավակայանում առնվազն 13 զոհի և 35 վիրավորի մասին:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բրյուսելում հայտնաբերվել է մի քանի պայթուցիկ սարք, որոնք չեն պայթել:
RTBF-ի հաղորդմամբ՝ Բրյուսելի Զավենտեմի օդանավակայանում երկու պայթյունի հետևանքով փլվել է կախովի առաստաղը։
13.01 Բրյուսելի մետրոյում տեղի է ունեցել երրորդ պայթյունը: Այդ մասին հայտնում է RBTF հեռուստաալիքը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բրյուսելի մետրոյում տեղի է ունեցել երկու պայթյուն։ Հաղորդվում է մի քանի վիրավորի մասին:
Նախորդ երկու պայթյունները տեղի են ունեցել Մալբեկ և Շուման կայարաններում:
Հաղորդվում է, որ կենտրոնական կայարանից մարդիկ տարհանվում են։
Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել մետրոյի երկու կայարաններում պայթյունների մասին:
Բրյուսելի իշխանությունները խնդրում են մարդկանց մնալ տներում՝ օդանավակայանում և մետրոյի կայարաններում տեղի ունեցած պայթյուններից հետո:
12.52 Բրյուսելում մետրոյի ևս մի կայարանում է պայթյուն տեղի ունեցել, հայտնում է The Telegraph-ը:
Հաղորդվում է, որ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Շուման կայարանում՝ Եվրահանձնաժողովի և ԵՄ Խորհրդի շենքերի մոտակայքում։
Associated Press-ը հաղորդում է մետրոյի կայարանում մի քանի վիրավորի մասին։ Ավելի վաղ հաղորդվել է, որ պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում, որը գտնվում է «եվրոպական» թաղամասի գոտում։
12.35 Պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում, որը գտնվում է «եվրոպական» թաղամասի գոտում: Այդ մասին հայտնել է RTBF հեռուստառադիոընկերությունը:
«Մեր տեղեկությունների համաձայն՝ պայթյուն է տեղի ունեցել Մալբեկ կայարանում, ճյուղի երթևեկությունը դադարեցվել է»,- ասված է հաղորդագրությունում:
Լրատվամիջոցի տվյալներով՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն մեկ մարդ:
The Guardian-ը՝ վկայակոչելով STIB/MIVB-ին՝ Բրյուսելի հանրային տրանսպորտի օպերատոր ընկերությանը, հաղորդում է, որ Բրյուսելում փակվել է ողջ մետրոյի համակարգը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Բելգիայում ահաբեկչական վտանգի մակարդակը հասցվել է առավելագույնի: Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարը:
12.22 Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Belga բելգիական լրատվական գործակալությանը, հայտնել է, որ մինչ պայթյունները Բրյուսելի օդանավակայանում կրակոցներ են հնչել և արաբերենով բղավոցներ:
The Guardian-ի հաղորդմամբ՝ Բելգիայի ոստիկանությունը հաստատել է, որ առնվազն մեկ մարդ է զոհվել պայթյունի հետևանքով:
«Մեկ մարդ է զոհվել և հավանաբար կան նաև այլ զոհեր»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Հաղորդվում է, որ պայթյունները տեղի են ունեցել Բրյուսելում՝ նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կազմակերպման մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամի ձերբակալությունից չորս օր անց:
Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յամբոնը երկուշաբթի օրը հայտնել է, որ երկիրը բարձր զգոնության վիճակում է՝ 26-ամյա Աբդեսլամի ձերբակալությունից հետո հավանական վրեժխնդրության հարձակման պատճառով:
12.08 Բրյուսելի օդանավակայանում պայթյունի հետևանքով զոհվել է 14 մարդ, ավելի քան 30 հոգի վիրավորվել է: Այդ մասին հայտնում է RTL հեռուստաալիքը։
«Բրյուսելի միջազգային օդանավակայանում մեկնման սրահում երկու պայթյունի հետևանքով 14 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է»,- հայտնել է հեռուստաալիքը:
Ինչպես հայտնում է բրիտանական Sky News-ը, պայթյունները տեղի են ունեցել ամերիկյան American Airlines ավիաընկերության գրանցման վայրի մոտակայքում:
Օդանավակայանն ամբողջությամբ արգելափակվել է, դադարեցվել է ինքնաթիռների և տրանսպորտի երթևեկությունն օդանավակայանի ուղղությամբ: Ներկայում օդանավակայանի մոտ են կենտրոնանում ոստիկանության ուժերը:
11.54 Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած երկու պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը՝ բելգիական դաշնային ոստիկանության մամուլի քարտուղարին հղումով։
Հաղորդվում է, որ պայթյունները տեղի են ունեցել American Airlines-ի գրանցման վայրի մոտ։
«Պայթյուն է եղել… մի քանի զոհ կա և վիրավորներ, բայց այս պահին չենք կարող ասել, թե քանի»,- ասել է ոստիկանության խոսնակը:
Հայտնի է դարձել, որ դադարեցվել է օդանավակայան գնացքների երթևեկությունը։
Բրյուսելի օդանավակայանը Twitter-ի իր էջում հաստատել է երկու պայթյունների մասին տեղեկությունը և կոչ արել չգալ օդանավակայանի տարածք։
Բրյուսելի Զավենտեմի օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է RTBF հեռուստաալիքը:
Պայթյունների պատճառները դեռ հայտնի չեն:
Ականատեսը հայտնել է, որ տեսել է մի քանի վիրավորի: Այս տեղեկությունն, այնուամենայնիվ, հաստատված չէ: Հաղորդվում է, որ իրականացվում է օդանավակայանի շենքից մարդկանց տարհանում: Բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել:
Այժմ պարզվում են տեղի ունեցածի մանրամասները:
Ինչպես հայտնում է BBC-ն, սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է տերմինալներից մեկից բարձրացող ծուխը: Դեպքի վայրից սոցիալական մեդիաներում հաղորդումների համաձայն՝ օդանավակայանում խուճապ է. մարդիկ սկսել են փախչել օդանավակայանի շենքերից:
Նախնական տեղեկություններով՝ առաջին պայթյունը լսվել է տերմինալի մուտքից 200 մետր հեռավորության վրա, երկրորդ պայթյունը, որն ավելի ուժեղ է եղել, հենց տերմինալի շենքում:





















