12:14 , 22 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենին գրություն է ուղարկել՝ երեկ Հրազդան քաղաքում իրեն գաղտնի հետևելու հետ կապված։
Նա իր ֆեյսբուքյան էջում գրում է.«Հենց նոր ԱԱԾ տնօրենին ուղարկեցի հետևյալ գրությունը.
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության
տնօրեն Գեորգի Կուտոյանին.
Պարոն Կուտոյան.
Ս/թ. մարտի 21-ին Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբի անունից հայտարարություն է տարածվել (http://www.aravot.am/2016/03/21/669707/), որին կցված է նաև youtube սոցիալական ցանցի հղում, որտեղ տեղադրված է եղել 01.52 րոպեանոց մի տեսանյութ:
Տեսանյութից ակնհայտ է դառնում, որ ինչ-որ անձինք ս/թ մարտի 21-ին Հրազդան քաղաքում գաղտնի հետևել են ինձ, գաղտնի տեսանկարահանել, ինչը առերևույթ պարունակում է օպերատիվ-հետախուզական գործունեության հատկանիշներ:
Հաշվի առնելով, որ՝
- «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի երրորդ կետը արգելվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը օրենքով չլիազորված պետական մարմինների, ստորաբաժանումների կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից,
- Տեսանյութը ստորագրված չէ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու լիազորություն ունեցող որևէ պետական մարմնի կողմից,
- Տեսանյութը առերևույթ կարող է պարունակել ՀՀ բարձրաստիճան անձ հանդիսացող անձի՝ ԱԺ պատգամավորի նկատմամբ հանցագործություն նախապատրաստելու ապացույցներ,
- Տեսանյութը առերևույթ կարող է պարունակել Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի և քաղաքապետարանի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտնեական լիազորություններն անցնելու հատկանիշներ՝
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ը) կետի, 7-րդ հոդվածի բ) կետի համաձայն ակնկալում եմ ստանալ հետևյալ հարցերի պատասխանը.
1. Ովքե՞ր են հետևել ինձ և ինչու՞ են դա արել գաղտնի:
2. Զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք:
3. Ու՞մ հանձնարարությամբ են իրականացրել անձեռնմխելի անձ հանդիսացող ՀՀ ԱԺ պատգամավորի գաղտնի հետևումը:
4. Արդյո՞ք Հրազդանում, կամ Երևանում իմ տեղաշարժերին հետևում են, եթե այո՝ ովքե՞ր են հետևող անձինք, ու՞մ հանձնարարությամբ և ի՞նչ նպատակով են դա իրականացնում:
Ակնկալում եմ, որ սույն գրությունը համարեք նաև հաղորդում հանցագործության մասին: Կից ներկայացնում են նաև խնդրո առարկա տեսանյութը՝ CD սկավառակի վրա:
Կանխավ շնորհակալություն»:
