Ավելի քան 60 ՀԿ-ներ ու 10 արտախորհրդարանական քաղաքական ուժեր այսօր կքննարկեն ԸՕ-ն


11:22 , 22 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Ավելի քան 60 հասարակական կազմակերպություններ ու 10 արտախորհրդարանական քաղաքական ուժեր այսօր Ազգային ժողովում կքննարկեն Ընտրական օրենսգրքի նախագիծը՝ կազմակերպված լսումների շրջանակում: Հիշեցնենք, որ այս մասին հայտարարվեց անցած քառօրյային:

 

Քննարկմանը մասնակցելու հայտ են ներկայացրել նաև անհատ գործիչներ ու քաղաքացիներ, իսկ հրավիրյալների թվում են նաև՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ  պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

«Թող գան, մասնակցեն, իրենց հուզող հարցերը, հարցադրումները հնչեցնեն, իշխանությունը մեկ անգամ չէ, որ վերահաստատում է, որ պատրաստ է  լսել»,-ասաց Հովհաննես Սահակյանը։
Հիշեցնենք, որ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնել էր, որ ընդունում են Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ  4+4+4 ձևաչափով ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ բանակցելու՝ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկը։

Հովհաննես Սահակյանն էլ  վերահաստեց , որ իշխանությունը պատրաստ է բանակցել քաղհասարակության ու քաղաքական ուժերի հետ  ԸՕ-ի շուրջ: