Թուրքական օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Կահիրեի օդանավակայանում. ԶԼՄ


17:07 , 20 մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Turkish Airlines ընկերության ուղևորատար օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Եգիպտոսի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում։ Այս մասին իր էլեկտրոնային տարբերակում հայտնել է Al-Youm Al-Sabi թերթը։

Կահիրեի օդանավակայանի ներկայացուցչի տվյալներով՝ «Turkish Airlines ավիաընկերության օդանավը վայրէջք է կատարել Կահիրեի օդանավակայանում տեխնիկական անսարքության պատճառով»։ Ակաբա (Հորդանան)-Ստամբուլ (Թուրքիա) 819 չվերթը կատարող օդանավի հրամանատարը արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Կահիրեում՝ Եգիպտոսի երկնքում անսարքության հայտնաբերումից հետո։

«Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, տեղեկացնում է, որ ինքնաթիռի նավակողին գտնվում էր 94 մարդ։ Նրանցից ոչ ոք չի տուժել։ Ներկայում նրանք հանգրվանել են Կահիրեի միջազգային օդանավակայանի շենքում։

Վերերկրյա ծառայությունները պարզում են տեխնիկական անսարքության պատճառները։