Այս գիշեր էական բան չի փոխվել երեկվա համեմատ, բերքի վնասի մասին միայն մի քանի օրից հնարավոր կլինի խոսել. Գառնիկ Պետրոսյան


17:16 , 19 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Այս գիշեր հանրապետությունում եղանակային  գործոններով պայմանավորված իրավիճակի որևէ փոփոխություն չկա ծիրանենու վնասի չափի առումով: Tert.am-ի հետ զրույցում հայտնեց  գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
 
«Այն, ինչ տեղի էր ունեցել ամսի 18-ի ցրտահարության հետևանքով, դրանից որևէ բան չի փոխվել: Այս գիշեր Արմավիրում արձանագրել են մինչև -2 աստիճան ցուրտ, օդում, Մերձավանում, Զվարթնոցում` մինչև -3: Արարատում` -1 աստիճան, Մեղրիում +5 և ավելի բարձր, Իջևանում, Բերդում, եղել է -2 աստիճան»,– տեղեկացրեց նա:
 
Գյուղփոխնախարարը հավելեց, որ միայն մեկ շաբաթից հնարավոր կլինի խոսել բերքի վնասվածության ինչ-ինչ տոկոսների մասին:

«Քանի որ, երկու օրից հետո` նորից տեղումներ, ջերմաստիճանի անկում է նախատեսվում, այնպես որ, սպասենք, տեսնենք, այս պահին ոչ ոք, մեծագույն ցանկության դեպքում որևէ բան չի կարող ասել ամենափոքր տարածքի մասին անգամ»:
 
Հիշեցնենք, որ ըստ շրջանների և  նախնական տեղեկություններով հանրապետության տարածքում մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարության հետևանքները  այսպիսին էին.
 
Արարատի մարզ, Արարատի տարածաշրջան
Նկատելի վնասներ չեն դիտվել, որոշ համայնքներում առկա է թույլ կամ մասնակի վնասվածություն


Արտաշատի տարածաշրջան
Առկա է մասնակի վնասվածություն, առանձին համայնքներում` ուժեղ վնասվածություն


Մասիսի տարածաշրջան

Մասնակի վնասվածություն, իսկ «Զվարթնոց» օդանավակայանին հարակից համայնքներում՝ (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում) ուժեղ վնասվածություն:


Արմավիրի մարզ, Էջմիածնի տարածաշրջան

Ուժեղ վնասվածություն (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում):


Արմավիրի տարածաշրջան

Ուժեղ վնասվածություն

Բաղրամյանի տարածաշրջանի ներքին հատվածներ

Ուժեղ վնասվածություն


Վայոց Ձորի մարզ, Եղեգնաձորի տարածաշրջան

Արենի գյուղում ուժեղ վնասվածություն, Ռինդում` մասնակի, մնացած համայնքներում՝ թույլ վնասվածություն


Վայքի տարածաշրջան

Հիմնականում վնասներ չեն գրանցվել


Սյունիքի մարզ Մեղրու տարածաշրջան

Գրանցվել են դրական ջերմաստիճաններ, վնասներ չկան

Տավուշի մարզ

Էական վնասներ չեն արձանագրվել