Հանուն արդարության և զոհված զինվորների հիշատակի


15:14 , 19 մարտ, 2016

Մեկ տարի առաջ այս օրը «Եղնիկներում»՝ Գյուլիստանի հանդիպակաց դիրքերում տեղի ունեցավ հայկական և ադրբեջանական հետախուզական և հատուկ նշանակային ուժերի մարտ։ Նախահարձակ էր եղել ադրբեջանական դիվերսիոն խումբը։ Վերջինիս դիմակայելու ընթացքում հերոսաբար զոհվեցին Արշակ Հարությունյանը, Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Սամվել Հակոբյանը (զոհվեց մարտից 1 շաբաթ անց՝ ստացած վիրավորումներից)։
Այսօր ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված այդ մարտի զոհված (4) և կենդանի (7) հերոսներին։ Պատվավոր խոսքը տրված էր ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին։ Ստորև ներկայացնում եմ հատված պն․ Հակոբյանի խոսքից՝
«Հակառակորդը … միանգամից նետում է 11 նռնակ և 4 մետր հեռավորության վրա մարտի է բռնվում մեր հետախուզական ստորաբաժանումների հետ։ Իհարկե, զինծառայողներից 4-ը միանգամից մահանում են տեղում։ Մնացած 7 զինծառայողները, լինելով վիրավորված, մարտի են բռնվում հակառակորդի հետ 4 մետր հեռավորության վրա։ … Իհարկե իրենց (ի նկատի ունի զոհվածներին - Է․Է․) հնարավորություն չտրվեց [կռվի բռնվելու], առաջին իսկ գնդակը մահացու էր»։
Պն․ Հակոբյանի խոսքից րոպեներ անց էկրանին ցուցադրվեց ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած կարճ տեսաանդրադարձը՝ նվիրված այդ օրվա մարտին և զոհված հերոսներին։ Արդեն տեսաանդրադարձում (ան)ուղղակիորեն հերքվեցին պն․ Հակոբյանի խոսքերը, երբ հնչեց այս նախադասությունը՝ «Արշակ Հարությանը զոհվեց, երբ իր մարմնով քողարկում էր գնդացիրը լիցքավորող Հակոբ Խաչատրյանին»։
Ես իմ հերթին, բաց և փակ աղբյուրներից ստացածս տեղեկությունների հիման վրա, կարող եմ մի փոքր էլ «բացել» պատկերը։
• Արշակ Հարությունյանը, լավ իմանալով, որ մերձամարտում թշնամին առաջինը գնդացրորդներին է փորձում խոցել և լինելով արտակարգ ընկերասեր ու պատվախնդիր զինվոր, իր մարմնով փակել է ընկերոջը՝ դառնալով կենդանի վահան և շուրջ 6 անգամ վիրավորվելուց հետո նոր կնքել է իր մահկանցուն։
• Հակոբ Խաչատրյանը շարունակել է կրակ տեղալ գնդացրից՝ լինելով ոտքից վիրավոր։ Մարտի ընթացքում վիրավորված զինծառայողներից մեկը հետագայում պատմել է, որ մինչև իր վիրավորվելն ու ուշագնաց լինելը Հակոբը դեռ կրակում էր։ Կռվի ընթացքում Հակոբը չի հասցրրել բացել գնդացրի ոտնակները, ուստի ձեռքերի ափերում մահից հետո նկատելի էին այրվածքի հետքեր։
• Սամվել Հակոբյանը նույնպես «միանգամից տեղում չի մահացել», այլ մարտում ստացած հրազենային վիրավորումներից մահկանացուն կնքել է միայն 7 օր անց՝ մարտի 26-ին։
• Իմ ունեցած տեղեկություններով՝ միայն Էդուարդ Հայրապետյանն է թշնամու նետած առաջին իսկ նռնակներից մահացու խոցում ստացել։

Դժվար է հասկանալ, թե որն է դեպքից 1 տարի անց վերջինիս այլաձև ներկայացման նպատակը, հատկապես երբ որոշ մանրամասներ արդեն իսկ հրապարակված են, ըստ որում՝ բավականին բարձր մակարդակով (տե՛ս Արշակ Հարությունյանի շիրիմին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կարդացած դամբանականը (Էլբակյան Էդգար, Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները, Երևան, 2015, էջք 158-161;

Իմ ստացած մասնագիտական տպավորությամբ՝ պն․ Հակոբյանի նպատակը զոհվածներին զուգահեռ՝ ողջ մնացած հերոսների սխրանքն ու կերպարը շեշտադրելն էր, ինչի արդյունավետությունը, սակայն, կասկածելի է՝ ի նկատի ունենալով, որ փաստացիորեն կիրառվեց «մեկին մյուսի հաշվին» մեթոդը։ Բացի այդ՝ պն․ Հակոբյանի տեքստում հնչած առանձին դարձույթներ ու ձևակերպումներ էթիկայի տեսանկյունից բավականին վիճելի էին՝ հաշվի առնելով նաև միջոցառման սրահում զոհվածների հարազատների ներկայությունը (դիցուք՝ «Բայց պատերազմը այդպիսին է, պատերազմում նաև զոհվում են»)։ Սույն գրառումս ուղղված չէ ո՛չ պն․ Հակոբյանի անձի դեմ, ո՛չ էլ առավել ևս՝ կենդանի մնացած հերոսների մեծարման մեխանիզմի։ Խնդիրը պետական և պաշտպանական գերատեսչության մոտեցումն է ռազմական իրականությանը, զոհվածների հերոսական համբավի պահպանմանը և պարզապես՝ տարրական մարդկային արդարությանը, հանուն որի էլ՝ գրեցի այս։