18:32 , 17 մարտ, 2016
2015թ-ի հունվարի 29-ին սպանված` Վ. Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի քրեական գործով նախաքննության ընթացքում ամբաստանյալները չեն ենթարկվել դատահոգեբանական փորձաքննության, միայն վերջիններիս նկարներն են ուղարկվել փորձաքննության: Այս մասին այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց հոգեբան-փորձագետ Էլդա Գրինը՝ նշելով, որ իր պրակտիկայում առաջին անգամ է հանդիպում, որ նման ծանր քրեական գործի պարագայում չի անցկացվում վերոնշյալ փորձաքննությունը:
«Քննիչը շատ լավ մասնագետ է, բայց լուրջ վրիպում է, որ չի անցկացվել դատահոգեբանական փորձաքննություն: Օրինակ, ինձ համար ամեն ինչ չէ, որ պարզ է: Յուրաքանչյուր մասնագետ իր աշխատանքը պետք է կատարի։ Իսկ ամբաստանյալներին նման փորձաքննության ենթարկելու անհրաժեշտություն իհարկե կար»,- ասաց նա։
Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալների նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն անցկացնելու համար: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 24-ին:
Դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, Էլդա Գրինը, խոսելով
ամբաստանյալների դատարանում ցուցաբերած պահվածքի վերաբերյալ իր ստացած տպավորություններով, ասաց, որ 4 ամբաստանյալներից երկուսն ավելի ընկճված տեսք ունեին, իսկ մյուս երկուսը՝ ոչ այնքան: Նա անուններ չցանկացավ նշել:
«Միանշանակ չենք կարող ասել, որ նրանք մասնակցել են դեպքին, բայց բոլոր դեպքերում այդպես է ստացվում, բոլորի պահվածքում անհանգստություն կար, բայց երկուսի մոտ հեգնական պահվածք էր»,–ասաց նա։
Ըստ նրա՝ ամբաստանյալներն աշխատում էին թաքցնել իրենց վախերը: