ՄԻԵԴ-ի վճռով՝ ՀՀ կառավարությունը «Մատաղիսի» գործով 50 հազար եվրո կվճարի


17:02 , 17 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մարտի 17-ին «Մատաղիսի» գործով որոշում է կայացրել։ Դատարանի որոշման համաձայն՝ ՀՀ կառավարությունը պետք է 50 հազար եվրո վճարի հայցվորներին:
 
Դատարանի որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը որպես բարոյական փոխհատուցում Արայիկ Զալյանին պետք է վճարի 20 հազար, իսկ Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին՝ 15 հազարական եվրո:

Հայցվորներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջել էին դատարանից ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ («խոշտանգումների արգելում») և 5-րդ («ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք») հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումները՝ 2004 թվականին Արայիկ Զալյանի և 2006 թվականին բոլոր երեք հայցվորների կողմից միասին ներկայացված բողոքի հիման վրա:
 
Հիշեցնենք, որ 2005 թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության համար մեղավոր էր ճանաչել թիվ 33651 զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին նույն զորամասի երկու զինծառայողների սպանության համար և դատապարտել 15 տարվա ազատազրկման։
 
Զինվորական դատախազությունը բողոքարկել է դատավճիռը՝ միջնորդելով ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։ Ամբաստանյալներն իրենց հերթին բողոքարկել են դատավճիռը՝ հերքելով իրենց մեղսագրվող արարքները և խնդրել են վերանայել գործը։ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006 թ. մայիսի 30-ին Ա. Զալյանին, Ռ. Սարգսյանին և Մ. Սերոբյանին դատապարտել է ցմահ ազատազրկման։
Սպանված զինծառայողներից մեկի հայրը, ելնելով գործում առկա բազմաթիվ հակասություններից, ներկայացրել է վճռաբեկ բողոք, որտեղ նշել է, որ գործի քննությունը կատարվել է քրեական դատավարության նորմերի խախտումներով, որոնք ազդել են գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության վրա, որի արդյունքում զինծառայողների սպանության իրական կատարողները երկու դատավարությունների ընթացքում չեն մեղադրվել, գտնվել են ազատության մեջ, և նրանց փոխարեն ցմահ ազատազրկման են դատապարտվել երեք անմեղ զինծառայողներ։
2006 թ. դեկտեմբերի 22-ին՝ սպանությունից մոտ երեք տարի անց, ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է տուժողի իրավահաջորդի՝ սպանված զինծառայողի հայր Մ. Մկրտումյանի ներկայացուցչի բողոքը, բեկանել է Ռ. Սարգսյանի, Մ. Սերոբյանի և Ա. Զալյանի վերաբերյալ դատավճիռները և քրեական գործն ուղարկել նոր նախաքննության։