Ադրբեջանում ազատ է արձակվել «Հայաստանի օգտին լրտեսության համար» մեղադրվող լրագրող Ռաուֆ Միրկադիրովը


15:06 , 17 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանում ազատ է արձակվել լրագրող Ռաուֆ Միրկադիրովը: Ադրբեջանցի լրագրողն ասել է, որ նրա դեմ մեղադրանքներն անհիմն են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

«Իմ ձերբակալությունն Ադրբեջանի թշնամիների ձեռքի գործն է»,- հայտարարել է լրագրողն ազատ արձակվելուց հետո իր առաջին հարցազրույցում:

 

Անցած տարվա վերջին դատարանը դատապարտել է Միրկադիրովին վեց տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության համար: Լրագրողը մեղավոր է ճանաչվել «Հայաստանի օգտին լրտեսության համար»։

 

Վերաքննիչ դատարանը պատիժը փոխարինել է պայմանականի՝ հինգ տարվա փորձաշրջանով:
Միրկադիրովը պնդում է, որ երբեք գործ չի ունեցել Հայաստանի կամ աշխարհի որևէ այլ երկրի հատուկ ծառայությունների հետ:


Լրագրողը պատրաստվում է հասնել դատավճռի ամբողջական չեղարկման:


Միրկադիրովը ձերբակալվել էր 2014 թվականի ապրիլին՝ պետական դավաճանության փորձի համար՝ Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես հետո։ Միրկադիրովի ձերբակալության իրական պատճառը, սակայն, իրավապաշտպան Լեյլա Յունուսի «Խաղաղության և ժողովրդավարության» նախագծերին մասնակցելն է։