13:42 , 17 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Այսօր Ազգային ժողովում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ՀՀ ՏՄՊՊՀ 2016 թվականի տարեկան գործունեության ծրագրի վերաբերյալ հանդես եկավ ամփոփիչ ելույթով:
Նա անարդար համարեց հանձնաժողովի վերաբերյալ հնչեցրած որոշ քննադատությունները, քանի որ հանձնաժողովը սահմանափակ անձնակազմով, ֆինանսական ռեսուրսներով բոլոր ջանքերը գործադրում է իր առաջ դրված խնդիրները լուծելու համար:
Նա հիշեցրեց, որ ներկայացնում են իրենց գործունեության ծրագիրը և ոչ թե հաշվետվություն: Արտակ Շաբոյանը հայտնեց, որ տարեկան 500 որոշում է կայացնում հանձնաժողովը, որոնց մեծ մասը օրինախախտ ընկերություններին է վերաբերում, և դատարանի կողմից անվավեր ճանաչված որոշումներ գրեթե չկան:
Նա անդրադարձավ նաև բենզինի ոլորտին։
«Բենզինի ոլորտը մշտապես գտնվում է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Վերջին երկու տարվա ընթացքում բենզինի գները նվազել են շուրջ 32 տոկոսով։ Գնագոյացման հաշվարկները ցույց են տալիս, որ բենզին ներմուծող ընկերությունների մոտ գրեթե նույնչափ նվազել են ձեռքբերման գները»,-ասաց նա և նշեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ բենզին ներկրող ընկերությունների շահութաբերությունը կայուն է և գտնվում է ողջամիտ շահութաբերության շրջանակներում:
Նա նշեց, որ հանձնաժողովը բենզին ներմուծող ընկերությունների վարքագծում գնային չարաշահուման երևույթներ չի տեսնում:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ոլորտում չկան մուտքի խոչընդոտներ»,-ասաց նա և նշեց, որ եթե որևէ ընկերության ավելի շահավետ պայամաններում կարող է բենզին ներկրել, ապա դա կարող է իրականացնել. Հայաստան բենզին ներկրում են երեք տարբեր ընկերություններ։