13:18 , 17 մարտ, 2016
Lurer.com-ը գրում է.
Այսօր կառավարության հերթական նիստում սահմանվեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքերից բնակարան ստացած անձանց հետ հատկացված բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման վերջնաժամկետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց համապատասխան մարմիններին՝ հետամուտ լինել և այս ծրագիրը պատասխանատվությամբ իրականացնել:
Դիմելով նախագիծը ներկայացնող՝ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին՝ վարչապետն ասաց, որ սա շատ կարևոր խնդիր է, և նման բազմաթիվ նման խնդիրներ կան աղետի գոտում. «Պարո՛ն Սարգսյան, հարկավոր է վերջնական գույքագրել ևս մեկ անգամ և բոլոր հարցերին լուծում տալ»,- ասաց Աբրահամյանը:
Նշենք, որ ծրագրի շրջանակներում հատկացված 2990 բնակարանից կնքվել է 2117 բնակարանի նվիրատվության պայմանագրերը, կամ հատկացված բնակարանների 70.8%-ը, և դեռևս խնդիր է մնում ապահովել մնացած 29.2%-ի՝ 873 բնակարանի նվիրատվության պայմանագրերի կնքման և արդյունքում այդ բնակարանների նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի գրանցման գործընթացը: