19:08 , 16 մարտ, 2016
Երևանի քաղաքապետարանը ավելի ուշ մանրամասն մեկնաբանություն կտա, թե ինչի հետևանքով է այս գիշեր Ազատություն- Սարալանջի հատվածում փլուզվել հենապատը:
Այս մասին հայտնեցին քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
Իսկ մինչ այդ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե վաղ է դեռ ասել, թե անորակ շինարարության հետևանքով է պատը փլուզվել:
«Որևէ նման եզրակացության ԱԻՆ-ի կողմից չի արվել, ավելին՝ մինչև ստանանք շինարարական ոլորտի փորձագիտական եզրակացությունները, որևէ պատճառ նշել դեռ վաղ է, քանի որ բազմաթիվ պատճառներ կարող են լինել փլուզման առաջացման համար»,-ասաց նա:
Ըստ Խանգելդյանի՝ դեռևս վարկածներ են միայն, իսկ հավաստի որևէ պատճառ դեռևս չկա: Այդուհանդերձ նա թվարկեց հավանական պատճառները:
«Ընդհանրապես կոնստրուկցիայի փլուզման ժամանակ կարող են դեր խաղալ նախագծման փուլում անճշտությունները, կառուցման փուլում անճշտությունները, կարող են պատճառ լինել նաև տարերային վտանգավոր երևույթները՝ պայմանավորած գրունտի մեխանիկայի առանձնահատկություններով, շատ կարող են լինել դրանք, այդ թվում սուբյեկտիվ, օբյեկտիվ, մարդածին և այլն: Բավական շատ են, և մինչև մասնագիտական փորձաքննություն չարվի և եզրակացություններ չտրվեն, չենք կարող ասել, որ սա է եղել պատճառը»,-ասաց նա:
Իսկ թե երբ կլինի կոնկրետ փորձագիտական եզրակացությունը, նշեց, թե դրանով զբաղվում են համապատասխան փորձագիտական մարմինները, դա ԱԻՆ-ի տիրույթում չի գտնվում, պետք է համատեղ փորձագիտական խումբ աշխատի: Ըստ նրա՝ փրկարարական գործառույթի խնդիր չի առաջացել և բարեբախտաբար զոհեր և տուժածներ չեն եղել, այսինքն՝ փրկարարների միջամտման խնդիր չի առաջացել, թեև ամբողջ գիշեր գրանցման պահին եղել են դեպքի վայրում և անվտանգության բոլոր նորմերն ապահովել են:
Հարցին, թե շղթայական փլուզման վտանգ արդյոք չկա՞, Խանգելդյանը նշեց, թե նման երևույթը բացառելու համար, տեղում արդեն քաղաքապետարանի վարչության մասնագետներն ուսումնասիրություններ են անում և պատճառները բացահայտելու և դրանց շարունակական բնույթի խնդիրները բացառելու համար։
«Որևէ փաստ չունենք, որ ասենք կա վտանգ, նաև վիճակագրական ապացույց էլ չկա, որ նման դեպքեր եղել են, մի պատը քանդվել է, մյուսներն էլ կքանդվեն, եզրակացություն անել նպատակահարմար չի, ամեն ինչի մասին կասեն փորձագիտական եզրակացությունները:
Ամենակարևորն այն է, որ բարեբախտաբար ժամն այնպիսն էլ եղել, որ բանուկ չի եղել, գիշերվա ժամ է եղել, և դա մեծ դեր է խաղացել, որ արտակարգ փլուզումից որևէ մարդ չի տուժել, և վնասը հասցվել է միայն երթուղային ճանապարհին»,-ասաց նա։
Իսկ թե պատասխանատվությունն ո՞ւմ վրա է ընկնում, ԱԻՆ պաշտոնյան ասաց, թե կոնկրետ ԱԻՆ-ի ոլորտի հետ կապ չունի:
«Պատասխանատվությունը պարզ կլինի, երբ որ պատճառները պարզ կլինեն»,-ասաց նա: