17:10 , 16 մարտ, 2016
Թուրքիան խախտում է հարևան Իրաքի և Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այդ մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է РИА Новости-ն:
«Իհարկե, դա սարսափելի է, երբ ինչ-որ բան (մարդու իրավունքների խախտում- Խմբ.) է տեղի ունենում ներքին հակամարտությունների շրջանակներում: Բայց պակաս լուրջ չեն դեպքերը, երբ նման բան է տեղի ունենում այլ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման հետ»,- կարծում է Լավրովը:
«Ցավոք, Թուրքիան կա նաև այդ կոնտեքստում: Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունենում Իրաքի տարածքում թուրքական զինված ուժերի գործողությունների ժամանակ, ինչ է տեղի ունենում թուրքական տարածքից Սիրիայում քրդական ապստամբության դիրքերը գնդակոծելու ժամանակ»,- հավելել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Լավրովը հավելել է նաև, որ Թուրքիայի գործողությունները խաթարում են Սիրիայում ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերը։