12:50 , 16 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծին, նշեց, որ իշխանությունը շտապում է, ինչը ցույց է տալիս այն, որ սկզբում հրապարակվեց մի փաստաթուղթ, հետո մի ուրիշ, իսկ Վենետիկի հանձնաժողովին ներկայացվեց երրորդ տարբերակը։
«Ընտրական օրենսգրքի նախագիծը ցույց է տալիս, որ իշխանությունը անթաքույց ձգտում է պահպանել իր իշխանությունը, ինչպես ցանկացած երկրի իշխանություն։ Այդ պայքարի դրսևորումը գնալով ավելի կոշտ ձևեր է ընդունում։ Տեսե՛ք, ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, հետո ներկայացվել հասարակությանը։ Իշխանության համար կարևոր չէ՝ վստահությունը ավելացնո՞ւմ է իր նկատմամբ, թե պակասեցնում։ Իշխանությունը գնալով դառնում է ավելի ուժեղ այն մեթոդների մեջ, որոնք ինքն է թելադրում»,-ասաց նա։
Անդրադառնալով ընդդիմության և իշխանության քննարկման հիմնական թեմա դարձած՝ քվեարկությունից հետո ցուցակների հրապարակմանը, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ սա ինչ-որ չափով կխախտի քվեարկության գաղտնիության սկզբունքը, և դրա համար, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում շուրջ 6 դար պայքարել են քվեարկության գաղտնիության համար։ Բայց միաժամանակ նա նշեց, որ պետք է այս հարցում իշխանությունը գնա զիջման։
«Իմ համոզմամբ՝ կա կոմպրոմիս. առնվազն խոշոր քաղաքներում և խոշոր գյուղերում կարելի է կախել ցուցակները, քանի որ այստեղ երբեք միաձայն քվեարկություն չի լինում։ Եթե, օրինակ, ինչ-որ մի տեղում քվեարկությունները լինեն մեկ թեկնածուի օգտին և մենք հրապարակենք ցուցակները, կնշանակի՝ մենք խախտեցինք գաղտնիությունը։ Իսկ ավելի խոշոր քաղաքներում և գյուղերում նման բան բացառվում է, և կարելի է ցուցակներ հրապարակել։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե մարդիկ կիմանան՝ ով է գնացել ընտրության, ով ոչ, ապա պետք է ասեմ, որ մարդիկ ազատ գնում են, և դա տեսանելի է բոլորին»,-ասաց նա։
Լարիսա Ալավերդյանը իշխանությանը զիջման մեկ այլ տարբերակ առաջարկեց՝ մինչ քվեարկության օրը հրապարակել այն մարդկանց անունները, որոնք առնվազն երեք ամիս բացակայում են Հայաստանից։
Ինչ վերաբերում է ընտրատեղամասում դիտորդների ու լրագրողների թվի սահմանափակմանը 8-ով, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ սա չի բխում ժողովրդավարության բարձրացան գաղափարից։