ՌԴ-ն զորքերը Սիրիայից դուրս է բերում ոչ ինչ-որ մեկին դուր գալու համար. Սերգեյ Լավրով


21:58 , 15 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի գործունեությունը դադարեցնելու մասին որոշումն ինչ-որ մեկին դուր գալու համար չի կայացվել:  РИА Новости-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեր որոշումը Սիրիայում մեր ռազմատիեզերական ուժերի գործունեության մասնակի դադարեցման մասին ելնում է նրանից, որ Սիրիայի նախագահի խնդրանքին ի պատասխան ՌԴ նախագահի կողմից մեր զինված ուժերի առաջ դրված հանձնարարականները` ամրապնդելու սիրիական զինուժի հմտությունները, ընդհանուր առմամբ իրականացվել են: Սիրիական բանակը վերականգնել է իր դիրքերը հիմնական ուղղություններում և ահաբեկիչներին զգալի վնաս է հասցվել», - ասել է Լավրովը:

Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը ելնում է սիրիացի ժողովրդի, ինչպես նաև ահաբեկչության դեմ միջազգային պայքարին առավելագույնս աջակցելու շահերից: