21:15 , 15 մարտ, 2016Ինչպես ասում են՝ «ավելի հեշտ է կանխել, քան բուժել»։ Որոշ հիվանդություններից հնարավոր չէ խուսափել։ Այդուհանդերձ, շատ բան կարող ես անել նվազեցնելու համար հիվանդանալու ռիսկը կամ նույնիսկ կանխելու դրանք։ Նկատի առնենք հինգ պարզ խորհուրդ, որ կօգնեն քեզ բռնել առողջ կյանքի ուղին։
Համաձայն «Մեյո» կլինիկայի հրապարակած մի հոդվածի՝ «հիվանդությունը և դրա տարածումը կանխելու լավագույն միջոցը» ձեռքերը լվանալն է։ Օրինակ՝ գրիպով շատ շուտ վարակվում են, երբ հիվանդության հարուցիչով աղտոտված ձեռքով տրորում են քիթը կամ աչքերը։ Նման վարակների դեմ լավագույն պաշտպանությունը ձեռքերը կանոնավոր լվանալն է։ Լավ հիգիենան կարող է նույնիսկ կանխել շատ լուրջ հիվանդությունների տարածումը, ինչպիսիք են, օրինակ, թոքաբորբը և աղիքային հիվանդությունները, որոնց պատճառով ամեն տարի մինչև հինգ տարեկան երկու միլիոնից ավել երեխա է մահանում։ Ձեռքերը լվանալու պարզ սովորության շնորհիվ կարող է նվազել նույնիսկ մահաբեր էբոլայի տարածումը։
Կան կոնկրետ դեպքեր, երբ ձեռքերը լվանալը հատկապես կարևոր է թե՛ ձեր, թե՛ մյուսների առողջությունը պահպանելու համար։ Ձեռքերը պետք է լվանալ.
Զուգարանից հետո
Երեխայի տակաշորերը փոխելուց կամ նրան զուգարան տանելուց հետո
Վերք մշակելուց առաջ և հետո
Հիվանդի հետ շփվելուց առաջ և հետո
Ուտելիք պատրաստելուց, մատուցելուց կամ ուտելուց առաջ
Փռշտալուց, հազալուց կամ քիթը մաքրելուց հետո
Կենդանուն ձեռք տալուց կամ կենդանու արտաթորանքը մաքրելուց հետո
Աղբը թափելուց հետո
Մատների արանքով մի՛ նայիր ձեռքերը տեղը-տեղին լվանալուն։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատերը հասարակական զուգարանից օգտվելուց հետո ձեռքերը կա՛մ չեն լվանում, կա՛մ լավ չեն լվանում։ Ինչպե՞ս պետք է լվանալ ձեռքերը։
Թրջիր ձեռքերդ հոսող ջրով և օճառիր
Ձեռքերդ շփիր, որ օճառը փրփրի, տրորիր եղունգներդ, բթերդ, ձեռքերիդ երեսը և մատներիդ արանքը
Առնվազն 20 վայրկյան տրորիր
Ցայիր մաքուր, հոսող ջրով
Չորացրու մաքուր սրբիչով կամ անձեռոցիկով
Սրանք պարզ բաներ են, սակայն կարող են կանխել հիվանդությունը և նույնիսկ փրկել կյանքդ։
Որոշ երկրներում ընտանիքին բավականաչափ մաքուր ջրով ապահովելը առօրյա գործերից մեկն է։ Սակայն ամեն պահի աշխարհի ցանկացած մասում մաքուր ջուր ունենալը կարող է խնդիր դառնալ, երբ ջրի աղբյուրը աղտոտվի ջրհեղեղի, փոթորկի, ջրատար խողովակի վնասվելու կամ այլ պատճառներով։ Եթե ջրի աղբյուրը մաքուր չէ կամ ջուրը ճիշտ չի պահվում, այն կարող է մանրէային վարակների, ինչպես նաև խոլերայի, աղիքային հիվանդությունների, տիֆի, հեպատիտի և այլ ինֆեկցիաների պատճառ դառնալ։ Աղտոտված խմելու ջուրը տարեկան 1,7 միլիարդ աղիքային հիվանդության դեպքերի պատճառներից մեկն է։
Շատ բան կարող ես անել նվազեցնելու համար հիվանդանալու ռիսկը կամ նույնիսկ կանխելու մի շարք հիվանդություններ
Խոլերայով հաճախ վարակվում են, երբ խմում են այնպիսի ջուր կամ ուտում են այնպիսի սննդամթերք, որը աղտոտված է խոլերայով հիվանդ մարդկանց արտաթորանքով։ Ի՞նչ քայլեր կարող ես ձեռնարկել հարուցիչներով վարակված ջրից պաշտպանվելու համար, նույնիսկ երբ աղետ է տեղի ունեցել։
Համոզվիր, որ այն ջուրը, որ օգտագործում ես խմելու, ատամները լվանալու, սառույցի, սննդամթերքը և ամանները լվանալու կամ ճաշ եփելու համար, մաքուր աղբյուրից է կամ վստահելի ֆիրմայի շշալցված ջուր է։
Եթե կա հավանականություն, որ ջրատար խողովակը վնասվել է, ապա օգտագործելուց առաջ եռացրու ջուրը և ենթարկիր համապատասխան քիմիական մշակման։
Քիմիական նյութ, օրինակ՝ քլոր կամ ջուրը մաքրող հաբ օգտագործելիս ուշադիր հետևիր արտադրողի տրամադրած ուղեցույցին։
Օգտագործիր ջրի որակյալ ֆիլտրեր, եթե կան կամ մատչելի են։
Եթե չկան ջուրն ախտահանող վերոհիշյալ միջոցները, կարող ես ժավելի երկու կաթիլ ավելացնել մեկ լիտր ջրին և լավ խառնել։ Օգտագործելուց առաջ թող 30 րոպե։
Ախտահանված ջուրը միշտ պահիր մաքուր և փակ տարայում, որպեսզի այն նորից չաղտոտվի։
Ստուգիր, որ այն տարան, ինչով ջուր ես վերցնում ջրամանից, լինի մաքուր։
Մաքուր ձեռքերով բռնիր ջրի տարան, և մատներդ կամ ձեռքդ մի մտցրու խմելու ջրի մեջ։
Առանց առողջ սննդի անհնար է լավ առողջություն ունենալ։ Իսկ առողջ սնվել նշանակում է օգտագործել թարմ սննդամթերք և ունենալ հավասարակշռված սննդակարգ։ Գուցե հարկ լինի վերանայել այն, թե ինչ քանակի աղ, ճարպեր, շաքար ես օգտագործում, ինչպես նաև, թե որքան ես ուտում։ Քո սննդակարգում ընդգրկիր տարատեսակ միրգ ու բանջարեղեն։ Հաց, հացահատիկային մթերքներ, մակարոնեղեն կամ բրինձ գնելիս կարող ես փաթեթի վրա կարդալ և ընտրել ամբողջական հատիկից մթերքներ։ Դրանք ավելի հարուստ են սննդանյութերով և բջջանքով, քան այն մթերքները, որոնք պատրաստված են թեփազերծված հացահատիկից։ Ինչ վերաբերում է սպիտակուցներին, օգտագործիր քիչ քանակությամբ և ոչ ճարպոտ մսամթերք և, եթե հնարավոր է, շաբաթը մի քանի անգամ ձուկ կեր։ Որոշ երկրներում հնարավոր է գտնել սպիտակուցներով հարուստ բուսական ծագման սնունդ։
Եթե օգտագործում ես շատ շաքար, ճարպ կամ յուղ, ապա գիրանալու ռիսկայնությունը մեծ է։ Այդ ռիսկը նվազեցնելու համար քաղցր ըմպելիքների փոխարեն ջուր խմիր։ Քաղցր դեսերտի փոխարեն կեր մրգեր։ Ճարպերի քանակը նվազեցրու՝ օգտագործելով ավելի քիչ երշիկեղեն, միս, կարագ, պանիր, խմորեղեն և թխվածքաբլիթներ։ Ճաշ պատրաստելու համար յուղի փոխարեն կարող ես օգտագործել ձեթ, որն ավելի առողջարար է։