Մեր ժողովուրդը այս օրենքից բավականին կշահի և սոցիալական շատ հարցեր կլուծվեն. Միքայել Մելքումյանը` ԱԱՀ օրենքի նախագծի մասին


13:14 , 15 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովն այսօր շարունակում է քննարկել պատգամավորներ Վարդան Այվազյանի, Գարեգին Նուշիկյանի, Միքայել Մելքումյանի, Հակոբ Հակոբյանի և կառավարության համատեղ ներկայացված ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:


Հարակից զեկուցող ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ սա շատ կարևոր և սպասված օրենքի նախագիծ է: Նա նշեց, որ 2001-2002 թվականներին հանրապետություն է ներկվել 5800 մեքենա, իսկ 2014 թվականից արդեն ներկրվել է 40 հազարից ավելին: «Հանրապետություն մտնող մեքենաների իննսուն տոկոսը մինչև տասը հազար դոլար արժեք ունեն, իսկ մինչև 5 հազար դոլարանոցը մոտավորապես 60 տոկոսն է»,-ասաց նա և կոչ արեց կողմ քվեարկել նախագծին:


«Մեր ժողովուրդը սրանից բավականին կշահի և սոցիալական շատ  հարցեր կլուծվեն»,-ասաց նա և նշեց, որ ԵՏՄ մտնելուց հետո Ռուսաստանից ներկրվող ավտոմեքենաների ծավալն աճել է


ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ԵՏՄ անդամակցելուց հետո, երբ գանձվել են այդ գումարները, ապօրինի գանձում տեղի չի ունեցել: Նա հարցրեց, թե գազ, նավթ ներկրելիս ավելացված արժեքի հարկը վճարելու ենք, թե՝ ոչ:


Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ խոսքը վերաբերում է անձնական սպառման ապրանքին: «Մեկ քաղաքացին` մեկ ապրանք, քանի որ նա ավտոմեքենա բերում է ոչ թե բիզնես անելու կամ վերավաճառելու համար, այլ օգտագործման, սակայն ես անձամբ հակված եմ այդ թիվը ավելանա, սակայն գազի, նավթի և այլ խնդիրների ժամանակ ավելացված արժեքի մեխանիզմը գործում է»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է մինչ այս գանձված գումարներին, ապա նա նշեց, որ կարծում է, թե հետվերադարձի խնդիրը պետք է կարգավորվի: