09:50 , 15 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն աջակցել է բանաձևի նախագծին, որը կոչ է անում ԱՄՆ-ի և այլ երկրների իշխանություններին քրիստոնյաների հանդեպ, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում, իրականացվող դաժան գործողությունները ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություն ընդունել։ Նախաձեռնությունը հավանության են արժանացրել երկրի 2 կուսակցություններից 393 կոնգրեսականներ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Կատարման համար ոչ պարտադիր փաստաթղթի հեղինակը հանրապետական Ջեֆ Ֆորտենբերին է:
Համաձայն տեքստի՝ բոլոր կառավարությունները և միջազգային կազմակերպությունները, այդ թվում` ՄԱԿ-ը և նրա գլխավոր քարտուղարը, պետք է քրիստոնյաների հանդեպ բռնությունը ոչ միայն ցեղասպանություն դիտարկեն, այլև վերաբերվեն դրան ինչպես ռազմական հանցագործությունների:
Բացի այդ, ՄԱԿ-ի անդամները պետք է դիմեն արաբական երկրներին և կոչ անեն նրանց ստեղծել տարածաշրջանային կամ միջազգային տրիբունալ` նման դեպքերն ուսումնասիրելու համար: Նշվում է, որ հանցագործներին անհրաժեշտ է հետապնդել, ձերբակալել և ենթարկել պատժի` ըստ օրենքի։