18:22 , 14 մարտ, 2016
PanARMENIAN.Net-ը գրում է.
Մոսկվան կսատարի Սիրիայի դաշնայնացմանը, եթե այդպես որոշեն երկրի բնակիչները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչպես պայմանավորվեն Սիրիայի կառավարությունն ու ընդդիմության ամբողջ սպեկտրը Սիրիայի ապագա կառուցվածքի վերաբերյալ, այդ պայմանավորվածությանն էլ կսատարենք: Դա բխում է Սիրիայի աջակցության միջազգային խմբի որոշումներից»,-ասել է Լավրովը Թունիսի ԱԳՆ ղեկավար Հմայիս ալ Ջհինաուիի հետ բանակցությունների ավարտին:
«Ցանկացած ձև, ինչպես էլ այն կոչվի, դաշնայնացում, ապակենտրոնացում, ունիտար պետություն, պետք է լինի սիրիացիների համաձայնեցման առարկան»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նախարարը նշել է նաև, որ Ռուսաստանը երբեք չի պարտադրել Սիրիային իր հայացքներն ապագա պետական կառուցվածքի վերաբերյալ: «Մենք երբեք չենք փորձել ինչ-որ բան լուծել Սիրիայի ժողովրդի փոխարեն»,-ասել է Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Սիրիական ընդդիմության բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեն հայտարարել է, որ կմասնակցի մարտի 14-ին Ժնևում նախատեսված բանակցություններին: Կոմիտեն նախապայմանները չի նշել, ընդգծել է միջազգային չափանիշների պահպանման անհրաժեշտությունը:
Ավելի վաղ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը հայտարարել էր, որ Ճգնաժամը Սիրիայում շարունակվում է և ժամանակն է երկիրը մի քանի մասի բաժանել: Foreign Policy-ի համար գրված իր հոդվածում նա նույնիսկ մի քանի տարբերակ է առաջարկել` Հարավսլավիայի, Բոսնիայի և Իրաքի օրինակով: