16:06 , 14 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը վստահեցնում է՝ կան պետություններ, որտեղ էլեկտրաէներգիայի սակագինն ավելի բարձր է, քան՝ Հայաստանում:
ԱԺ ամբիոնից հանձնաժողովի այս տարվա զեկույցի քննարկման ժամանակ, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցադրմանը, թե ինչու է Հայաստանում սակագինն ավելի թանկ, քան այլ երկրներում, Ռոբերտ Նազարյանն ասաց. «Պետք է ասեմ, որ կան երկրներ, որտեղ շատ ավելի բարձր է գինը: Հայաստանում սակագնի միջին մեծությունը համարժեք է 10 ԱՄՆ սենտ կիլովատ ժամի դիմաց»:
Ռոբերտ Նազարյանի միտքը կիսատ մնաց, քանի որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը միջամտեց՝ մեղադրելով Նազարյանին սուտ խոսելու մեջ: Տեղից գոռալով Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե Բելառուսի օրինակն էլ կա, որտեղ գինն ավելի մատչելի է: «Եկամուտների տերը ես չեմ… Դուք եք թյուրիմացության մեջ գցում, երբ համեմատում եք Բելառուսի և Ուկրաինայի հետ, որտեղ կա պետական սուբսիդավորում»:
Հրանտ Բագրատյանն էլ բղավեց. «Չկա»: «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ կա»,- հայտարարեց Նազարյանը: «Չկա»,- պնդեց Բագրատյանը:
Ռոբերտ Նազարյանի ելույթը կիսատ մնաց, քանի որ սահմանված ժամանակահատվածը վերջացավ: Նազարյանը խնդրեց ավելացնել ժամանակը, բայց նիստը վարող խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հրաժարվեց: «Մարդը սուտ ա ասում»,- կրկին բղավեց Բագրատյանը: «Սուտը դու ես ասում»,- հակադարձեց Նազարյանը: Հերմինե Նաղդալյանը մի քանի անգամ կոչ արեց զսպել զայրույթը, բայց Բագրատյանը շարունակեց. «Ամեն անգամ ստից-մտից բաներ ա ասում»: