15:20 , 14 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Հայաստանի հանրապետական կուսակցությունը 1999-ից մինչ օրս Հայաստանում կատարվող բոլոր գործընթացների ու դրանց արդյունքների` ինչպես դրականի, այնպես էլ բացասականի պատասխանատուն է և կարիք չկա արհեստական բաժանումների:
Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, որ եթե երկրորդ նախագահի պաշտոնավարման օրոք եղել են ձախողումներ, եղել են նաև վերելքներ, ի տարբերություն ՀՀԿ իշխող կուսակցության:
«Եթե պարոն Օսկանյանի հիշողությունը չի դավաճանում, ապա պետք է հիշի, որ 1999 թվականից Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում կառավարության ղեկավարը երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն էր, ով նաև Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահն էր, ուստի, եթե ՀՀԿ-ի ուսերին դնում է միայն ձախողումները, ապա պետք է մի քիչ օբյեկտիվ լինել և հիշել, որ 1999-ից մինչև 2007 թթ. եղել են տնտեսական աճի տարիներ, ապա դրանք որքանով իրենցն են, այնքան էլ ՀՀԿ-ին են»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը։
Անդրադառնալով Վարդան Օսկանյանի կողմից նոր քաղաքական ուժի ստեղծմանը, ՀՀԿ խոսնակն ընդգծեց, որ քաղաքական ուժի գաղափարախոսությունը դեռ հայտնի չէ ու ավելացրեց. «Իսկ պարոն Օսկանյանի կարծիքների վերաբերյալ ինձ համար, օրինակ, նորություն չէ, որ պարոն Օսկանյանը չի կիսում տարբեր հարցերի վերաբերյալ մեր մոտեցումները»:
Նա նաև անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականությանը, ասելով.
«Եթե արդյունքներով նայենք, Հայաստանի արտաքին քաղաքականությունը գնում է շատ ճիշտ ուղղությամբ՝ թե՛ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, թե՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման»։