Մի քանի դիտարկում Թուրքայի ներկայիս քաղաքականության «ձեռքբերումների» մասով


10:57 , 14 մարտ, 2016

Ռ.Թ.Էրդողանի թիմը իր որդեգրած ներոօսմանիզմի քաղաքականության ներքո բացառապես մի քանի տարվա ընթացքում կարողացավ հասնել «շոշափելի» մի շարք արդյունքների: Դիտարկենք դրանցից մի քանիսը.

- Բացառիկ լուրջ ու սուր հակադրության մեջ հայտնվեց գլոբալ ու ռեգիոնալ լրջագույն դերակատար՝ ՌԴ-ի հետ՝ դրանից բխող ամենատարբեր՝ նյութական, աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական հետևանքերով, որոնք խորացման միտում են արձանագրում:

- Կորուստներ ունեցավ տուրիզմի, սպառման շուկաների՝ գյուղամթերք, տեքստիլ, տեխնիկա, շինանյութ, ատոմային էներգետիկայի, մասնակիորեն նաև ռազմական ներկրումների, էներգառեսուրսների ներկրման և այլ ոլորտներում:

- Կարողացավ էականորեն ակտիվացնել քրդական շարժումներին, որի արդյունքում երկրի արևելքում իրավիճակը գործնականում հանգել է քաղաքացիական պատերազմի:

- Սիրիական հարցում իր որդեգրած դիրքորոշումների մասով արժանացավ անգամ ամենից վստահելի իր դաշնակիցների «քննադատությանը/հորդորներին», քանի որ որդեգրեց շանտաժի ու վերջնագրերի դիվանագիտական գործելաոճ:

- Մակրոռեգիոնում իր համար կարողացավ ստեղծել մի այնպիսի իրավիճակ, երբ իր հավակնոտության ու ոչ վստահելի գործընկեր լինելու հանգամանքի զորու իրեն կարողացավ շրջապատել ոչ բարիդրացիական տրամադրվածությամբ երկրներով:

- Ռ.Թ.Էրդողանի որդեգրած մոտեցումների արդյունքում ի հայտ եկան նրա ընտանիքի ու ահաբեկչական կազմավորումների ուղղակի գործակցության հրապարակային ապացույցներ, որը լուրջ հարված է Թուրքիայի ղեղակավարի կերպարին:

- Ռ.Թ.Էրդողանն անկանությունը տարածողի հեղինակություն է սկսել ձեռք բերել. հայտարաություններ է անում Ղրիմի վերաբերյալ, Ադրբեջանի միջոցով անկայունություն ու սահմանային սրումներ է ապահովում ԼՂ շփման գծում:

- Համագործակցելով ահաբեկիչների հետ Թուրքիան փաստացիորեն դարձել է քրդական ահաբեկչական կազմակերպությունների թիրախը, որի վկայությունը թուրքական քաղաքներում հնչեցվող պայթյուններն են, դրա հետևանք դարձած տասնյակ զոհերն ու վիրավորները:

- Փախստանակնների գործոնը շահարկելով ԵՄ-ից ստանում է քաղաքական, ֆինանսական ինչ-որ ձեռքբերումներ, սակայն եվրոպացիք լավ գիտակցում են, որ Թուրքիայի աճող պահանջմուքների պարագայում կգա նաև X սահմանակետը, երբ գործակցությունը կարող է ունենալ լուրջ խնդիրներ:

Հավանաբար կարելի է նշել նաև մի շարք այլ խնդիրներ, որոնք այսօր ունի Թուրքիան, սակայն երբեք պետք չի կարծել, որ այդ խնդիրներն անդառնալի հարված կհասցնեն այդ երկրին: Թուրքիան իր պատմության տարբեր փուլերում ապացուցել է, որ բարդագույն ու ծանրագույն իրավիճակներից նա կարողացել է ոչ միայն ուղղակի դուրս գալ, այլ նաև դուրս գալ հաղթանակած:

Ներկայումս ձևավորված իրավիճակը իրապես բավական բարդ է և չի բացառվում, որ հատկապես «քրդական» գործոնի զորու Թուրքիան կարող է որոշակի «կորուստներ» ունենալ, սակայն ռեգիոնում ընթացող մեծ խաղը դեռ ընթացքի մեջ է և չի բացառվում, որ «կորուստները» վերջնարդյունքում Թուրքիայի մասով կարող են վերածվել «ձեռքբերումներ»: