Ո՞վ է խանգարում Էրդողանին այցելել Բաքու
01:58 , 14 մարտ, 2016
Վերջին տվյալներով, այսօր Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչություն հետևանքով զոհերի թիվը կազմում է 33 մարդ, իսկ վիրավորներինը՝ 75: Հիշեցնեմ, որ վերջին խոշոր ահաբեկչությունը Անկարայում տեղի էր ունեցել այս տարվա փետրվարի 17-ին, որի հետևանքով զոհվել էր 28 և վիրավորվել՝ 68 մարդ: Հետաքրքիրն այն է, որ այս երկու ահաբեկչություններն էլ տեղի են ունեցել Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի Բաքու այցելելու նախօրեին: Առաջին ահաբեկչությունից հետո Թուրքիայի նախագահը չեղարկել էր իր այցը Բաքու, որտեղ պետք է տեղի ունենար Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի հանդիպում բարձր մակարդակով: Ըստ թուրքական ԶԼՄ-ների` Էրդողանը Ալիևից պահանջելու էր ընտրություն կատարել Թուրքիայի և Ռուսաստանի միջև և պաշտոնապես հայտարարել, թե Բաքուն ում կողքին է կանգնած: Ահաբեկչության պատճառով հետաձգված հանդիպումը նախատեսվել էր անցկացնել մարտի 15-ին: Եվ հանկարծ այս հանդիպումից երկու օր առաջ Թուրքիայի մայրաքաղաքը կրկին ցնցվում է խոշոր ահաբեկչությունից: Մեծ հավանականություն կա, որ այս անգամ ևս Թուրքիայի նախագահը կհետաձգի իր այցը Բաքու: Այս համընկնումները պատահական չեն: Էրդողանին մի «անհայտ» ուժ խանգարում է գնալ Ադրբեջան: Սակայն վերլուծելով այս իրադարձությունները կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ միակ «անհայտը» ում ձեռնտու է, որ Էրդողանը Բաքվու չհասնի՝ հենց Ադրբեջանն է:
Անցյալ տարվա նոյեմբերի վերջից սրված ռուս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ պաշտոնական Բաքուն ԴԵՌ բարձր մակարդակով չի հայտարարել, թե ու՞մ է նա պաշտպանում՝ Անկարային, թե՞ Մոսկվային: Բաքում առաջնորդվում է՝ «Ո՛չ ձուկ եմ, ո՛չ միս եմ» կարգախոսով: Նա չի կարող չպաշտպանել Անկարային, քանի որ վերջինս, իր ազգային շահերը ոտնահարելով և սրելով հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրամիության հետ ձախողեց 2008 թ-ին սկսված «ֆուտբոլային դիվանագիտությունը» Հայաստանի հետ: 2009 թ-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները մնացին թղթի վրա, քանի որ Անկարան զիջեց Բաքվի շանտաժներին: Հիմա Էրդողանը սպասում է համարժեք պատասխանի Բաքվից: Թուրքիայի նախագահը պահանջելու է Ալիևից կատարել ընտրություն՝ կամ ինքը, կամ՝ Պուտինը: Ալիևը չի կարող նաև սրել հարաբերությունները Մոսկվայի հետ, որը մեծ ազդեցության լծակներ ունի Բաքվի վրա՝ սկսած ՌԴ-ում բնակվող մոտ 3 միլիոն ազերիներից, վերջացրած՝ Արցախյան հիմնահարցով: Այս ամենը հաշվի առնելով կարելի է ասել, որ հենց Ադրբեջանն է շահագրգիռ, որ Էրդողանը չհասնի Բաքու: Միանշանակ Անկարային պաշտպանելու դեպքում ՌԴ-ն անմիջապես կօգտագործի այդ լծակները Բաքվին սթափեցնելու համար:
Ահաբեկինչների համար «դրախտ» համարվող Ադրբեջանը, որն Արցախյան պատերազմի տարիներին մեծ հաճույքով հյուրընկալում էր միջազգային բազմաթիվ ահաբեկիչների, որոնց օգտագործում էր հայերի դեմ, դեռ պահպանել է կապը նրանց հետ, և ես չեմ զարմանա, եթե հետագայում պարզվի, որ հենց Բաքվից են հովանավորվել Անկարայում փետրվարի 17-ին և մարտի 13-ին տեղի ունեցախ ահաբեկչությունները: «Եկու աթոռներին» մնալու համար Իլհամ Ալիևը ընդունակ է ամեն ինչի:
Իսկ Անկարան այս ահաբեկչությունը կրկին կօգտագործի երկրի արևելյան քրդաբնակ շրջաններում «հակաահաբեկչական»պատերազմը PKK-ի դեմ սաստկացնելու համար: