Շատ խնդիրներ Իրան-ԵՏՄ հարաբերություններում կկարգավորվեն Հայաստանի միջնորդությամբ. Վարդան Ոսկանյան


16:06 , 13 մարտ, 2016
Tert.am-ը գրում է․

Իրան-ԵՏՄ համագործակցությունը Հայաստանի համար շահավետ կլինի: Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանն՝ անդրադառնալով ՌԴ տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչյովի հայտարարությանը, որ շուտով հայտնի կդառնա Իրան-ԵՏՄ տնտեսական համագործակցության ձևաչափը: Վարդան Ոսկանյանը նշեց, որ Հայաստանը ԵՏՄ անդամ միակ պետությունն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, ուստի, մեր դերն այս հարցում բացառիկ է:

- Օրերս ՌԴ տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել էր, որ շուտով հայտնի կդառնա Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման ձևաչափը: Լիխաչյովը նշել էր, որ համագործակցության ֆորմատը հայտնի կդառնա այս տարվա առաջին կիսամյակում։ Սա քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական համագործակցություն կլինի:

- Կարծում եմ, որ երկու կողմերն էլ, ըստ էության, շահագրգիռ են զարգացնելու տնտեսական հարաբերությունները: Քաղաքական իմաստով` Իրանն առանձին երկկողմանի կապեր ունի ԵՏՄ անդամ-պետությունների հետ. համագործակցում է Ռուսաստանի հետ առանձին, Հայաստանի հետ առանձին: Իսկ տնտեսական առումով ԵՏՄ հետ հաստատված կապերն ավելի արդյունավետ կլինեն երկու կողմերի համար էլ: Սա կլինի քայլ առաջ՝ ԵՏՄ անդամ պետությունների հետ քաղաքական երկկողմ հարաբերությունները զարգացնելու տեսանկյունից: Հատկապես ԵՏՄ շրջանակներում Իրանի հետ տնտեսական համագործակցությունը Հայաստանի համար շատ ձեռնտու կլինի: Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ այն բացառիկ երկիրն ենք, որը Իրանի հետ ցամաքային սահման ունի: ՌԴ համար էլ տնտեսական համագործակցությունը շահավետ կլինի՝ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները որոշակի առումով խզելու պարագայում: Թուրքական արտադրանքի որոշակի հատվածն Իրանը կարող է լրացնել ռուսական շուկայում: Օգուտները բազմակողմ են:

- Իսկ քաղաքական առումով ի՞նչ հետևանքներ կունենա ԵՏՄ-Իրան համագործակցությունը՝ տարածաշրջանի կամ աշխարհի մակարդակով:

- Իրանը վարում է բազմավեկտոր քաղաքականություն: Ձգտում է լավ հարաբերություններ ունենալ, զարգացնել իր հարաբերությունները թե՛ հարևանների, թե՛ միջազգային տարբեր ձևաչափերով ստեղծված դաշինքների հետ: Ուստի, Իրանի համար թե՛ ԵՏՄ-ի, թե՛ Եվրամիության հետ հարաբերությունները կարևոր են և չեն դասվում հակադիր հարթություններում: Իրանի համար ԵՏՄ-ն ու ԵՄ-ն փոխլրացնում են միմյանց: Այս իմաստով, անշուշտ, ԵՏՄ հետ տնտեսական կապերի ամրագրման հստակեցումը կհանգեցնի նաև քաղաքական կապերի սերտացման:

- ԵՏՄ հետ Իրանի սերտացումը չի՞ առաջացնի ԱՄՆ-ի, ԵՄ-ի զայրույթը:

- Իրանը, որպես տարածաշրջանային խոշոր խաղացող, երբևիցե չի վարի այնպիսի քաղաքականություն, որը կստիպի իրեն նայել մեկ ուղղությամբ, այսինքն՝ վարել քաղաքականություն մեկ վեկտորի հետ: Այս մասին, կարծում եմ, որ շատ լավ հասկանում են նաև պետությունները, որոնք համագործակցում են Իրանի հետ, խոսքը թե՛ ԵՄ, թե՛ ԱՄՆ մասին է: «Խանդի» խնդիր, իհարկե, կարող է ի հայտ գալ, բայց Իրանը չի սահմանափակվի մեկ վեկտորի համագործակցությամբ:

- Իրանի վրայից պատժամիջոցները հանելուց հետո Իրանը փորձում է լրացնել բացը՝ նոր առաջարկներ, նոր  գործընկերներ են ի հայտ գալիս: Հայաստանի դերն, այլևս, երկրորդական չէ՞:

- Հայաստանի հետ Իրանի հարաբերությունները երկրորդական նշանակություն չեն ստացել: Նման վախեր կային, բայց դատելով առկա գործընթացից կարող եմ վստահեցնել, որ Հայաստանն Իրանի համար շարունակում է մնալ Հարավային Կովկասում ամենակարևոր գործընկերը: Շատ խնդիրներ Իրան-ԵՏՄ հարաբերություններում առաջիկայում կկարգավորվեն Հայաստանի միջնորդությամբ, ՀՀ հնարավորությունների օգտագործմամբ: Իրանցիները մեր երկիրը դիտարկում են որպես բարեկամ, կարևոր գործընկեր, եղբայրական երկիր:

- Այսինքն՝ չափազանցված չէ՞ հեռանկարը, որ Հայաստանը կամրջող դեր կունենա Իրան-ԵՏՄ համագործակցության մեջ:

- Ո՛չ, չափազանցված չէ: Սա խնդիր է, որի ուղղությամբ պետք է աշխատել, ամենօրյա աշխատանք պետք է տանել: Այդպիսին դառնալու հնարավորությունը չպետք է թողնել իրանական կողմի ջանքերին: ՀՀ-Իրանի ջանքերի համադրումը կտա իր արդյունքը: