14:22 , 13 մարտ, 2016
Tert.am-ը գրում է․
Հայաստանն ապահով երկիր է սիրիացի փախստականների համար, բայց գրավիչ չէ՝ բնակության համար: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանն՝ անդրադառնալով «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոայի հայտարարությանը, որ Հայաստանը «Ապահով երկրների» ցուցակում ներգրավվելը ԵՄ համար կընդլայնի հնարավորություններն աջակցելու սիրիահայ փախստականների ներառմանը Հայաստանում:
«Հայաստան հիմնականում գալիս են սիրիահայ փախստականները: Շատ քիչ են էթնիկապես ոչ հայ փախստականները: Այս առումով Հայաստանում իրավիճակը մի քիչ այլ է եվրոպական մյուս պետություններից: Ես չեմ տեսնում գործոնները, թե ինչով Հայաստանը կարող է գրավիչ լինել փախստականների համար: Նույնիսկ այստեղ եկած սիրիահայերի նշանակալի մասն արտագաղթում է: Այնպես որ, կարծում եմ, որ հարցն ավելի լուրջ ուսումնասիրության կարիք ունի»,- նշեց Ենոքյանը:
Քաղաքագետը նկատեց, որ, գուցե, ֆիզիկական առումով Հայաստանը փախստականների համար ապահով է, քանի որ ռազմական գործողություններ չեն ընթանում, պատերազմ չկա, բայց բնակություն հաստատելու, բիզնեսով զբաղվելու համար, ինչպես ցույց է տվել կենսափորձը, ՀՀ-ն լավագույններից չէ. կան շատ դժվարություններ: