12:10 , 13 մարտ, 2016Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը՝ անդրադարձավ ՀԲ վերջին տեղեկագրով հրապարակված ոչ այնքան լավատեսական ցուցանիշներին, նաև նրան, թե ինչու Վրաստանին հաջողվեց, ադրբեջանական գազի այլընտրանքը օգտագործելով, զիջումներ «պոկել» ՌԴ-ից՝ ի տարբերություն ՀՀ-ի, և այլ տնտեսական հարցերի:
-Պարոն Մարգարյան, ըստ Համաշխարհային բանկի վերջին տեղեկագրի` Հայաստանի համար 2016-ին ակնկալվում է 2.5 տոկոսանոց աճ, ինչը վատագույնն է համարվել նախորդ հինգ տարիների համեմատ: Եթե հաշվի առնենք, որ 2015-ին այդ աճը 3 տոկոս էր և էլի ծանր տարի էր, ապա ի՞նչ սպասել 2016թ-ից: Գոտիները ձգե՞լ, թե՞ էլ ավելի ձգել:
-Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը տալիս են գնահատականներ` ելնելով ընդհանուր իրավիճակի դինամիկայից և նայում են, թե տվյալ երկիրն ինչ ինտեգրացիոն համակարգերի մեջ է, և հիմնական ֆինանսական, նյութական և մյուս տնտեսական գործոնների հոսքերն ինչպիսին են, և դրանց հիման վրա կատարում են կանխատեսումներ: Իհարկե, Համաշխարհային բանկի փորձագետների այդ գնահատականը բավական մեղմ կարելի է գնահատել, եթե նկատի առնենք, որ այդ ֆոնին Հայաստանի կառավարության կողմից այս տարվա տնտեսական աճի կանխատեսում-գնահատականն ավելի քան զուսպ է, ընդամենը՝ 2,2 տոկոս։ Այդուհանդերձ, բոլոր կողմերը տնտեսական աճ կանխատեսում են։ Բայց ասել, որ այդ կանխատեսումները ճշգրիտ կամ գերճշգրիտ գնահատականներ են ու լիովին համաձայնել դրանց հետ, իհարկե, ճիշտ չի լինի, եթե հաշվի առնենք անընդհատ ու շատ արագ փոփոխվող իրավիճակը։
- Ի՞ նչ նկատի ունեք։
-Մենք տեսնում ենք, որ Հայաստանի տնտեսության վրա անուղղակիորեն ազդող արտաքին գործոնների մեջ որոշակի դրական փոփոխություններ են տեղի ունեցել։ Խոսքը վերաբերում է հատկապես նավթի գների անկման կասեցմանը ու դրանց աճին։ Սա նշանակում է, որ առաջիկայում Ռուսաստանում տնտեսական իրավիճակը կկայունանա։ Դա երևում է ռուսական ռուբլու փոխարժեքի դինամիկայից։ Ռուբլու կայունացումը կարող է դրականորեն անդրադառնալ այդ երկրում աշխատող մեր հայրենակիցների եկամուտներին, հետևաբար և՝ Հայաստան փոխանցվող մասնավոր դրամական տրանսֆերտները կաճեն։ Իսկ սա ՀՀ տնտեսության աճը խթանող գործոն է։
Մյուս գործոնը հանքա-հումքայն ռեսուրսների, հատկապես` գունավոր մետաղների գների աճն է վերջին շրջանում։ Վերջին ամիսներին նավթի գների շեշտակի անկմանը զուգահեռ խիստ ընկել էին նաև մետաղական հումքի գները։ Այժմ միջազգային բորսաներում նկատվում է հակառակ միտումը։ Օրինակ` պղնձի տոննայի գինը մոտենում է 5000 դոլարի սահմանագծին ու դրա հետագա աճը խիստ հավանական է թվում։ Այնինչ, տնտեսական աճի նախկին կանխատեսումների (այդ թվում և՝ ՀԲ-ի) հիմքում դրված են եղել հումքի և այդ ռեսուրսների ցածր գների ու դրանց հետագա անկման սցենարները։ Եթե այդ գնահատականները լինեին որոշակի միջակայքերի, ենթադրենք՝ 2,5 -3 տոկոսի սահմաններում կամ 2-,5 տոկոսի միջակայքում, նման գնահատականները շատ ավելի իրատեսական կլինին:
- Այդուհանդերձ, Համաշխարհային բանկի գնահատականները որքանո՞վ կարող են մոտ լինել իրականությանը։
-Ասեմ, որ միջազգային ֆինանսական կառույցները` ՀԲ-ն, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՀԿ), միշտ էլ ավելի նվազ գնահատականներ են տվել, քան եղել է փաստացի արձանագրված տնտեսական աճը: Համենայն դեպս, եթե նայում ենք վիճակագրությանը, թե ինչպիսի՞ գնահատականներ են տվել այդ կառույցները տարեսկզբին և իրականում ի՞նչ աճ է արձանագրվել, գրեթե հաստատվում է իմ այս պնդումը: Ինչպես զարգացած, այնպես էլ երրորդ աշխարհի երկրները թևակոխել են ցածր տնտեսական աճի շրջափուլ, որում կարևորվում է աճի ոչ այնքան քանակական, որքան որակական կողմը: Շատ երկրներ վերցրել են, այսպես ասենք, տեխնոլոգիական և կառուցվածքային բարելավումների քաղաքականության կուրս և շատ երկրների պարագայում դա հիմնավորված է: Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, իհարկե, Ռուսաստանի նկատմամբ գործադրվող կոշտ սանկցիաները սկսել են ազդել, դրանք բավականին երկարաժամկետ են, ազդում են առաջին հերթին Ռուսաստանի տնտեսության վրա և շեղանկյան սկզբունքով հարվածում են նաև ՌԴ-ից կապակցված ու նրա հետ առևտուր անող ու ծրագրեր իրականացնող երկրների, այդ թվում` Հայաստանի տնտեսության վրա: Եվ, իհարկե, այս տարվա ընթացքում այդ գործոնները շարունակելու են կենսունակ մնալ՝ բացասական իմաստով:
Մյուս կողմից, ֆինանսական ինդիկատորները՝ հատկապես ռուբլու փոխարժեքը, վերջին շրջանում կայունացել են, ռուբլին ամրապնդվել է, և դա, բնական է, հետևանք է նավթի համաշխարհային շուկայում առկա միտումների, նավթ վաճառող որոշ երկրների պայմանավորվածությունների, ըստ որոնց՝ այդ երկրների որոշ մասը կամ սառեցրել է նավթի հանույթն ու վաճառքը նույն մակարդակի վրա կամ կրճատել: Հետևաբար, տնտեսական աճի կանխատեսումներ անելիս այդ գործոնները պետք է հաշվի առնել: Ըստ իս, ՀԲ փորձագետներն իրենց կանխատեսումներում դրանք հաշվի չեն առել:
Բոլոր դեպքերում, այս պահի դրությամբ նավթի գների դրական դինամիկան առկա է, ինչը նշանակում է, որ պրոցեսները հակառակ ուղղությամբ կընթանան:
-Այսինքն, ըստ Ձեզ, աճն ավելի բա՞րձր է լինելու:
-Բնականաբար, նավթի գներն ավելի բարձր են լինելու (1 բարելի դիմաց 40 դոլարից ավելի), ինչը նշանակում է Ռուսաստանում իրավիճակի կայունացում, աշխատատեղերի ավելացում, հետևաբար, նաև մեր հայրենակիցների մոտ որոշակի եկամուտների ավելացում: Նաև մասնավոր տրանսֆերտների ավելացում, որոնց մի մասն, այո, Հայաստանում դառնում է մակրոտնտեսական պահանջարկի, հետևաբար, տնտեսական աճի ավելացման գործոն:
-Իսկ այդ 40 դոլարը, որին մոտեցել է նավթի մեկ բարելի գինը, հնարավո՞ր է, որ էլ ավելի բարձրանա և այդ դեպքում էլ ավելի դրական կանխատեսումներ լինեն Ռուսաստանի տնտեսության և, հետևաբար, նաև Հայաստանի տնտեսության համար:
-Համենայն դեպս, այդ շուկայի փորձագետները շատ բարձր աճեր չեն կանխատեսում և դա չի էլ կարող լինել, որովհետև նավթի համաշխարհային շուկան այսօր, կարծես թե, տուրբուլենտ կամ ցնցումային փուլից անցնում է բալանսավորման փուլի ժամանակաշրջան: Եվ նավթի գները շատ բարձրանալ չեն կարող, որովհետև, այնուամենայնիվ, նավթ արդյունահանող, վաճառող երկրների ծրագրերը, այդ թվում` բյուջետային և այլն, կապակցված են նավթի գներին: Նույն Իրանը բյուջեն ծրագրել էր 130 դոլար մեկ բարելի դիմաց, բայց վերջերս վերանայումներ արվեցին և իջեցվեց 40 դոլարի: Նույնը` ՌԴ-ում է, և, հետևաբար նավթի գնի այդ միջանցքը` 40-50 դոլարի սահմաններում, ավելի իրատեսական է թվում:
- Վրաստանն ու «Գազպրոմը» եկան փոխշահավետ պայմանավորվածության, քանի որ Վրաստանը և Ադրբեջանը մեկ այլ հարթության մեջ գազային բանակցություններ էին վարում: Ըստ որոշ փորձագետների՝ դա մեզ համար կենդանի դասագրքային օրինակ կարող էր դառնալ, որ մենք էլ Իրանի հետ բանակցեինք ՌԴ-ին գազի գնի շուրջ զիջումների տանելու հարցում: Ինչպես հաղորդեց ՀՀ փոխարտգործնախարարը` առայժմ արդյունքներ չկան:
-Ես խնդրին այդքան ծայրահեղ չէի մոտենա այն իմաստով, որ իրանական գազի գնի շուրջ սակարկության, դրա իջեցման վերաբերյալ այդ երկրի մոտեցումները հստակ են։ Կարծում եմ՝ գազի գնի հարցում Իրանը դժվար թե լուրջ զիջումներ անի։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այդ երկիրն, իրոք, շատ ճկուն վարվեց ու ադրբեջանական կողմի հետ գազի սակագնի շուրջ սակարկություններում շատ հետաքրքիր մարքեթինգային հնարք գործադրեց. օգտագործեց հնարավոր (իրականական և ռուսական) այլընտրանքներն Ադրբեջանի հետ բանակցություններում նրանից զգալի զիջումներ կորզեց և հասավ որոշակի արտոնությունների:
Բայց սա հասկանալի է ու տրամաբանական, քանի որ Ադրբեջանին ձեռնտու չէ, որպեսզի իր գնորդին իր քթի տակից Իրանը (կամ Ռուսաստանը, ի դեմս՝ «Գազպրոմ»-ի ) տաներ, և այդ պատճառով ադրբեջանական կողմը գնաց նման ռադիկալ զիջումների: Ինչ վերաբերում է «Գազպրոմին», այն, առհասարակ, աշխարհի խոշորագույն գազ վաճառող ընկերություններից մեկն է և նման փոքր ծավալների (շուրջ 500 մլն խորանարդ) առանձնապես մեծ հետաքրքրություններ չունի: Սակայն, երբ խնդիրը վերաբերում է ռեգիոնալ կամ գեոքաղաքականությանը, այո, այս տարածաշրջանում «Գազպրոմը» հանդիսանում է ՌԴ ռազմավարական շահերի իրացման լծակներից մեկը և, բնականաբար, այդ հարցում հնարավոր է և զիջումների գնար: Բոլոր դեպքերում, հարցն իսկապես լուծվեց Վրաստանի օգտին: Ինչ վերաբերում է` ուսանելի՞ է դա Հայաստանի համար, անշուշտ, այդ այլընտրանքների տեսանկյունից Վրաստանի հնարավորությունները շատ ավելին են, որովհետև Վրաստանը հնարավորություն ունի և՛ Ադրբեջանի վրայով իրանական գազ գնելու, և՛ Թուրքմենստանից Իրանի տարածքով գազ ստանալու, և՛ իհարկե ՌԴ-ի հետ սակարկելու: Եվ, ինչու չէ, նաև Հայաստանի տարածքն օգտագործելով, իրանական գազը ստանալու, ինչի մասին խոսվեց, մենք էլ մի քիչ ոգևորվեցինք, բայց իրականում պարզվեց, որ դա ընդամենը վրացական կողմից այլընտրանքներն օգտագործելու շնորհիվ առավելագույն արտոնություն պոկելու խորամանկ քայլ էր ընդամենը: Գոնե այս պահին։