23:53 , 11 մարտ, 2016
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը չի անհանգստանում, որ 2018-ին ուսանողների թվի կտրուկ կրճատման հետևանքով ստիպված են լինելու աշխատավարձեր ու հաստիքներ կրճատել: Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«Մենք անհանգստանալու բան չունենք, եթե ուսանողների թիվը կրճատվի, հնարավոր է ֆինանսական խնդիրներ լինեն, բայց համալսարանի ֆինանսական վիճակը կայուն է, այնպես չէ, որ հիմա խիստ անհանգստանալու կարիք ունենք, ուղղակի տեսնենք `դիմորդների քանակն ինչպիսին կլինի, ըստ այդմ էլ մեր ծախսերն այնպես կբալանսավորենք, որ կայունությունը չխախտվի»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Նշենք, 2017-ին բուհերում մի քանի հազար ուսանողով կրճատվելու է դիմորդների քանակը, քանի որ 2017-ին` 12-ամյա հանրակրթությանն անցնելու պատճառով դպրոցն ավարտելու է 14 700 երեխա, այս տարվա` 24 500-ի փոխարեն: Ինչի կապակցությամբ մի շարք բուհեր արդեն իսկ հայտնել են, որ բուհում կսկսվեն կադրային կրճատումներ, քանի որ աշխատակազմերը ձևավորվել են որոշակի թվով ուսանողի հաշվարկով:
ԵՊՀ ռեկտորը հայտարարեց, որ համալսարանն, առհասարակ, չի գնացել աշխատավարձերի կրճատումների մեթոդով վերջին 20 տարում: Իհարկե, եղել են դասախոսներ, որոնք գնացել են թոշակի, սակայն անձնակազմը փոխարինվել է երիտասարդներով:
«Այսինքն` մենք ֆինանսական դժվարություններից ելնելով` կրճատումներ չենք արել և չենք էլ պատրաստվում: Ավելին` հիմա հավելավճարների նոր համակարգ ենք ստեղծում, որը թույլ կտա առավել աչքի ընկած աշխատակիցներին ավելի լավ վարձատրել, քան նրանց, ովքեր գիտության ոլորտում նվաճումներ չունեն»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Դա միջազգային բուհերում ընդունված բալային համակարգ է, ինչը ներդրված է արևմտյան ու ռուսական շատ բուհերում: