Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը մեկնարկային տուրում ոչ-ոքի խաղաց


22:36 , 11 մարտ, 2016

levon aronyanTimes.am-ը գրում է.

Մոսկվայում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարը, որի հաղթողը նոյեմբերին, Նյու-Յորքում մրցելու է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

Առաջին տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: Պարտիան ավարտվեց 65-րդ քայլին:

Մեկնարկային տուրի մյուս պարտիաներում Սերգեյ Կարյակինը ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ, Հիկարու Նակամուրան միավորը կիսեց Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ Վիշվանաթան Անանդն առավելության հասավ Վեսելին Թոփալովի նկատմամբ:

Վաղը կայանալիք երկրորդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցելու է Անանդի հետ: Սվիդլերը կմրցի Թոփալովի հետ, Կարուանան՝ Գիրիի, իսկ Կարյակինը՝ Նակամուրայի:

Նշենք, որ ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը: Նախագահը կատարել է առաջին քայլը Լևոն Արոնյանի մասնակցությամբ շախմատային խաղում: Բացի այդ, Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը մրցաշարին զուգահեռ կայծակնային խաղի չնախատեսված պարտիա են անցկացրել, որն ավարտվել է ՀՀ Նախագահի հաղթանակով:

timthumb (1)timthumb (2)