13:50 , 11 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր հրավիրված Ընտրական օրենսգրքի նախագահի վերաբերյալ հանրային քննարկմանը հարցեր հղեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին։
Նրան մտահոգում էր այն, որ ընտրատեղամասերում փորձ է արվում լրագրողների և դիտորդների թիվը սահմանափակել. «Դունիա Միատովիչն է լինելո՞ւ, ո՞վ է լինելու, որ որոշի, թե ո՞վ պետք է լինի ընտրատեղամասում, կամ հացի հե՞րթ է, ի՞նչ է, որ ով առաջինը գրանցվեց, կունենա լուսաբանելու հնարավորություն: Սահմանափակվել է լրատվամիջոցների ներկայությունը, բայց չէ՞ որ հանձնաժողովի նախագահը չի կարող որոշել առաջնահերթությունը»,- ասաց նա:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ ընտրված 8 թիվը թեև լավագույն լուծումը չէ, բայց բացատրեց՝ ինչու են առաջարկել կոպիտ մեխանիզմ: «Մեր խնդիրը հետևյալն է, որ հիմա ընտրություններին լինելու է միջինը 230 թեկնածու, և ցանկացած ոք կարող է լրատվամիջոց բացել և լրագրող ուղարկել ընտրատեղամաս, և կլինեն կուտակումներ: Եթե խնդրի լուծման հետ կապված այլ առաջարկներ ունեք, ապա մենք պատրաստ ենք աջակցել»,-նկատեց նա։