12:16 , 11 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային գոտիներում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում, սակայն մարտի 15-16-ին օդի ջերմաստիճանը հիմնականում ցերեկային ժամերին կնվազի 8-10 աստիճանով:
Այսինքն եթե այսօր՝ մարտի 11-ին և վաղը՝ 12-ին Արարատյան դաշտում ցերեկը սպասվում է մինչև +16...+18 աստիճան տաքություն, ապա արդեն մարտի 16-ին օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +7...+8 աստիճանի սահմաններում:
Tert.am-ի հետ զրույցում այս տվյալները ներկայացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Այսօր և վաղը հանրապետության առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ին հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերից Միջերկրական ծովի շրջաններից հանրապետության տարածքին կմոտենա տեղումնաբեր ցիկլոն, որի հետ կապված՝ մարտի 15-16-ին բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային մարզերում՝ թաց ձյան տեսքով»,-ավելացրեց Գագիկ Սուրենյանը:
Ի պատասխան Tert.am-ի հարցի, թե խնդիրներ չե՞ն լինի, քանի որ նախալեռնային շրջաններում ծառերը ծաղկել են, մինչդեռ հիդրոօդերևութաբանական այլ ծառայությունների կանխատեսումներով՝ ամսի 16-ին լինելու է 0 աստիճան, Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ այսօր արդեն Արարատյան դաշտում և մայրաքաղաքում ծիրանենու առանձին սորտեր են ծաղկել, ինչը պայմանավորված է վերջին 30 օրերի անոմալ տաք եղանակով. դա տեղի է ունեցել բազմամյա միջին ժամկետից մոտ 20-25 օր շուտ: Իսկ նախալեռնային գոտիներում, որտեղ հիմնականում գրանցվելու է օդի ջերմաստիճանի նվազում, դեռ ծաղկում չկա, միայն նկատվում է պտղատուների բողբոջների ուռչում: