11:56 , 11 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության թղթապանակում մի փաստաթուղթ կա, որում նշվում է, որ թուրքական հետախուզական կառույցն ուսումնասիրել է, թե արդյոք Դինքին սպանողների արմատներում «հայկական ինքնության» հետք կա։
Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, Դինքի սպանությունից անմիջապես հետո թուրքական հետախուզական ծառայությունը սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի ու պատվիրատուն համարվող Յասին Հայալի մասին տեղեկություն է հավաքել՝ պարզելու համար նրանց արմատներում հայկական կամ ոչ մուսուլմանական հետք կա, թե ոչ։
Փաստաթուղթը թվագրվում է 2007 թվականի հունվարի 23-ին։ Այսինքն՝ պատրաստվել է սպանությունից 5 օր անց։
Փաստաթղթում նշվում է, որ Տրապիզոնում 1981 թվականին ծնված Յասին Հայալի գերդաստանում 1904 թվականից հետո եղած տվյալներով ոչ մուսուլման լինելու մասին որևէ տեղեկություն չկա։
Նման եզրակացություն է տրվել նաև 1990 թվականին Սկյուտարում ծնված Օգյուն Սամասթի գերդաստանի առնչությամբ։ Սամասթների ընտանիքին առնչվող փաստաթղթեր կան սկսած 1899 թվականից։
Թե ինչ նպատակով է արվել այդ ուսումնասիրությունը՝ պարզ չէ։