Հակառակորդը դիվերսիոն փորձ է կատարել և հետ շպրտվել՝ տալով 2 զոհ և մի քանի վիրավոր


11:05 , 11 մարտ, 2016

Մարտի 10-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և վերջինիս հասցնելով առնվազն 2 զոհ և վիրավորներ, հետ շպրտել  իրենց ելման դիրքերը:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, կանխարգելիչ գործողության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:
 

Մարտի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 (17 արկ) և 82 (47 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՌԳՊ-7 (4 արկ) ու ՀԱՆ-17 (4 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5500 կրակոց:

Բացի վերոնշյալից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաուբից տիպի հրանոթներ:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են նպատակաուղղված և պատժիչ գործողությունների: Առաջնային գծի ողջ երկարությամբ հայկական ուժերը վստահորեն վերահսկում են օպերատիվ իրավիճակը»,– ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: