22:18 , 10 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
Հայաստանը ողջունում է Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի ու ԱՄՆ պայմանավորվածությունը: Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեզ, իհարկե, մտահոգում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն հարակից տարածաշրջաններում լարված իրավիճակը: Ինչպես դեկտեմբերյան նստաշրջանի, այնպես էլ իմ այլ ելույթներում ես ևս մեկ անգամ բարձրաձայն հայտարարում եմ, որ մենք հաստատապես աջակցում ենք Սիրիայի հարցով Ռուսաստանի դիրքորոշմանը և, իհարկե, ողջունում ենք այն պայմանավորվածությունը, որը Դուք ձեռք եք բերել ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ Միացյալ Նահանգների հետ: Այն կարող է դառնալ այդ հարցի քաղաքական լուծման բանալին»,-ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորություններին վերաբերող հարցեր: