Բերքլիի համալսարանում կայացել է Արցախին նվիրված քննարկում


22:12 , 10 մարտ, 2016

berkliAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մարտի 4-ին մասնակցել է Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում կազմակերպված քննարկմանը՝ նվիրված Արցախին առնչվող խնդիրներին:

Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև 2015թ. ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցած՝ Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում ընտրությունների կառավարման հետազոտության կենտրոնի տնօրեն Քերին Մաք Դոնալդը և ԱՄՆ Կալիֆորնիայի Սանտա Կրուզ շրջանային վարչակազմի ներկայացուցիչ Գեյլ Պելերինը:

ԼՂՀ ներկայացուցիչը խոսել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, Արցախի պետականության ձևավորման ու կայացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների մասին:

Իրենց հերթին, Քերին Մաք Դոնալդը և Գեյլ Պելերինը ներկայացրել են Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց գնահատականները, դիտարկումներն ու առաջարկությունները:

Ելույթից հետո բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին՝ ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, ինչպես նաև Արցախում ընտրությունների անցկացման և ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ:

Միջոցառմանը, որը կազմակերպել և վարում էր համալսարանի հայկական ծրագրի տնօրեն դոկտոր Ստեփան Աստուրյանը, մասնակցել են համալսարանի ուսանողներ, դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ամերիկահայ համայնքի անդամներ: