22:06 , 10 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
«Ռազմաարդյունաբերական սուրհանդակ» մասնագիտացված ռազմական շաբաթաթերթի վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինի` հայկական զինված ուժերի վերաբերյալ հրապարակված տվյալների կապակցությամբ ՌԴ-ում պետք է հետաքննություն սկսվի` ինչպես է նա ձեռք բերել այդ տվյալները՝ իրենո՞վ, թե՞ ինչ-որ մեկի օգնությամբ:
Tert.am-ի հետ զրույցում նշեց Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` հավելելով. «Մասնավորապես, պարզեն` նշված փորձագետը կամ չգիտեմ վերլուծաբանը ո՞վ է, պատասխանատվության ենթարկեն, որովհետև ռազմավարական գործընկեր երկրի ռազմական գաղտնիքներ է հրապարակել: Ու եթե առանց պետական մարմինների իմացության է հրապարակվել, դա կոնկրետ պատասխանատվություն է ենթադրում, որովհետև այդ ռազմական գաղտնիքը միայն մեր ռազմական գաղտնիքը չէ, որքան ես եմ հասկանում, մենք դաշնակիցներ ենք, բազմաթիվ համաձայնագրեր կան կնքված և դա նաև իրենց ռազմական գաղտնիքը պետք է հանդիսանա»:
ԱԺ պատգամավորը ևս նշեց, որ «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ» մասնագիտացված ռազմական շաբաթաթերթի փորձագետի վերլուծությունը , մեղմ ասած, բարեկամական քայլ չէր:
Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովաննիսյանն` այս առնչությամբ հայտնել էր. «Գնահատականները մի կողմ, բայց տվյալներում կան բազում անճշտություններ, ինչպես հին, այնպես էլ երևակայական տվյալներ, ինչը, բնական է, անկախ փորձագետի պարագայում, որովհետև ոչ մի փորձագետ չի կարող որևէ պետության, ըստ որում, դինամիկորեն իր զինված ուժերը թարմացնող, Զինված ուժերի տվյալներն ունենալ: Դա հասու չէ»:
Էդմոն Մարուքյանը նկատեց` «իսկ եթե դա պետական մակարդակով կամ զենքի վաճառքով զբաղվող գերատեսչությունների թույլտվությամբ է արվել, ուրեմն` դա արդեն կարելի է գնահատել պետական մակարդակով, որ բարեկամական քայլ չէ»։