16:44 , 10 մարտ, 2016
Tert.am-ի հետ զրույցում ՌԴ Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը, անդրադառնալով ՌԴ «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ»-ի փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը «Ֆորպոստ՝ մի շարք հարցերով...» վերնագրով հոդվածում հրապարակված՝ հայկական զինված ուժերի վերաբերյալ մի շարք տվյալներին, նկատեց, որ սա կոռեկտ քայլ չէր ռազմավարական դաշնակցի հանդեպ: Ավելին, ըստ նրա, սա նշանակում է՝ թքել հայ-ռուսական համագործակցության վրա: Միևնույն ժամանակ, Անատոլի Ցիգանոկը հավանական համարեց, որ Ալեքսանդր Խրամչիխինը օգտվել է Խաղաղության հիմնահարցերի Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներից:
-Պարո՛ն Ցիգանոկ, ռուսաստանցի փորձագետ Խրամչիխինը հրապարակել է տվյալներ, որոնք վերաբերում են ռազմական գաղտնիքների՝ տվյալներ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի ստորաբաժանումների, դրանց տեղակայության, անվանումների, սպառազինությունների վերաբերյալ։ Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը։ Համենայնդեպս, Հայաստանում փորձագետները որակեցին դա ոչ բարեկամական քայլ ռազմավարական դաշնակցի նկատմամբ:
-Կարծում եմ, որ Ալեքսանդր Խրամչիխինը, իրոք, խախտել է Ռուսաստանի ու Հայաստանի միջև առկա որոշ չհանրայնացված պայմանավորվածություններ: Ամեն դեպքում, ոչ մասնագիտական, այլ շարքային լսարանի համար նախատեսված մամուլում տպագրել Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի վիճակի մասին տեղեկությունը, ըստ իս, կոռեկտ չէ: Եվ ես ամբողջովին համամիտ եմ հայաստանյան փորձագետների հետ այդ հարցում: Բանն այն է, որ ինքս էլ բավականաչափ լավ գիտեմ հայկական բանակը`15 տարուց ավելի զբաղվելով Կովկասով, շատ լավ գիտեմ, թե որտեղ են գտնվում բանակային կորպուսները, բայց ես, համենայն դեպս, բաց մամուլում երբեք նման բան չէի հրապարակի: Եվ կարծում եմ, որ սրանով նա ուղղակի թքեց Հայաստանի հետ համագործակցության ուղղությամբ:
-Ի՞նչ եք կարծում, այս հարցն արդյո՞ք պետք է քննարկվի ՀԱՊԿ շրջանակներում։
-Չգիտեմ, բայց կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում պետք է բարձրացվի հարցը, թե ինչ հիմքերով են Լեռնային Ղարաբաղին վերաբերող գաղտնի տեղեկությունները հայտնվել բաց մամուլում: Իսկ, առհասարակ, վերլուծելով իրավիճակը, որ իբր ադրբեջանական զինված ուժերը խախտել են 120 անգամ, իսկ դուք՝ 121 անգամ, այստեղ էլ կան խորամանկության որոշակի տարրեր: Ինչպես այդ դեպքում հասկանալ, որ Ադրբեջանը Ռուսաստանից գնել է 4 միլիարդ դոլարի սպառազինություն... Միայն պատկերացրեք՝ սա ավելին է, քան բոլորի ռազմական բյուջեները: Բայց ես, օրինակ, կարող եմ ասել, Ռուսաստանը, որ Հայաստանին մատակարարում է ռազմական նոր տեխնիկա և վաճառում Ադրբեջանին, ապա պահպանում է մոտավորապես նույն պարիտետը երկրների համար:
-Հենց Ռուսաստանում չպե՞տք է անցկացվի հետաքննություն, թե ինչպես են այդ տվյալները հայտնվել Խրամչիխինի մոտ: Ի՞նչ եք կարծում՝ այդ հրապարակումը եղել է առանց ինչ-ինչ ռազմական շրջանակների իմացությա՞ն:
-Ես կարծում եմ, որ Ալեքսանդր Խրամչիխինը օգտվել է Խաղաղության հիմնահարցերի Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) փաստաթղթերից, որոնցում բոլոր երկրների վերաբերյալ ամենամյա տվյալներ կան: Երևի Խրամչիխինը, լավ իմանալով անգլերեն, հրապարակել է այն, ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին ու Հայաստանին: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ունի հնարավորություն դա պարզելու: Ամեն դեպքում, կրկնում եմ, սա արդեն հրապարակայնացված էր:
-Սա պարզ համընկնո՞ւմ էր, որ տվյալները հրապարակվեցին Նախագահ Սերժ Սարգսյանի` ՌԴ կատարած աշխատանքային այցի նախօրեին:
- Սա պարզ համընկնում է, ես այդպես եմ կարծում: Բանն այն է, որ Ալեքսանդր Խրամչիխինը վերջին 20 տարիներին մշտապես հրապարակում է բոլոր մեր հարևան երկրների սպառազինությունները՝ լինելով հենց այդ գծով մասնագետ. Իսրայել, Վրաստան, Պակիստան, Հնդկաստան…
-Իսկ Ադրբեջանի՞:
-Այո և եթե չեմ սխալվում` «Հարավային Կովկասի պետությունները» հոդվածում: Ավելի վաղ նա հրապարակել էր Սիրայի ողջ խմբավորումները...
-Իսկ Ադրբեջանը չէ՞ր բողոքել, աղմուկ բարձրացրել:
-Կրկնում եմ՝ սա հրապարակայնացված տեղեկատվություն է, ուղղակի կարծում եմ` և՛ Վրաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում անգլերենին այնքան էլ լավ չեն տիրապետում:
-Եթե ամփոփելու լինենք այն, ինչ ասացիք, հիմա այդ Հայաստանի մասին տվյալները` պետական գաղտնի՞ք են, թե ոչ:
-Պետական գաղտնիք չեն, քանի որ այդ տարեգրքում բոլոր այդ տվյալները ներկայացված են: