16:58 , 10 մարտ, 2016
2015 թվականին Նյու Յորք են այցելել ռեկորդային թվով՝ 58.3 միլիոն զբոսաշրջիկներ: The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտնել է քաղաքի NYC & Company զբոսաշրջության և շուկայավարման գործակալության տնօրեն Ֆրեդ Դիքսոնը:
Նրա խոսքով՝ քաղաքի իշխանություններն ակնկալում են, որ ընթացիկ տարում զբոսաշրջիկների հոսքը 2.4 տոկոսով ավելի կլինի և կկազմի 59.7 միլիոն: Խոսքը վերաբերում է ինչպես Միացյալ Նահանգների մյուս քաղաքներից եկողներին, այնպես էլ ամբողջ աշխարհից ժամանող զբոսաշրջիկներին:
Կանխատեսումների համաձայն՝ 2016 թվականին զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը բաժին կընկնի Չինաստանին: Ինչպես գտնում են փորձագետները, քաղաք կայցելեն շուրջ 920 հազար չինացիներ՝ 8.2 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ, իսկ 2018 թվականին Նյու Յորքում կլինի Չինաստանի՝ արդեն ավելի քան մեկ միլիոն բնակիչ: Դրա հետ մեկտեղ, Չինաստանն առայժմ միայն չորրորդն է այն երկրների շարքում, որոնցում Նյու Յորքն առավել մեծ ժողովրդականություն է վայելում: Մեգապոլիս ամենից շատ օտարերկրացիներ են ժամանում Անգլիայից, Կանադայից և Բրազիլիայից։