Բանակցություններ են գնում իրանական գազը Հայաստանով Վրաստան տեղափոխելու ուղղությամբ. Վարդան Այվազյան


15:14 , 10 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Բանակցություններ են գնում իրանական գազը Հայաստանով Վրաստան տեղափոխելու ուղղությամբ. այսօր հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:

«Իրանը մեր բարեկամ երկիրն է, Վրաստանը հարց է բարձրացրել, որպեսզի Իրանից գազ գնի, Իրանը և Վրաստանը պայմանավորվել են։ Հիմա այդ գազը իրա ոտքով չի գնում և երկու ճանապարհ ունի, մեկը՝ Հայաստանով, մյուսը՝ Ադրբեջանով: Ինչո՞ւ է հենց Հայաստանը ռեալը, որովհետև գազամուղը Հայաստանից դեպի Վրաստան կա, որովհետև մենք ունենք կապ Վրաստանի հետ և Իրանի հետ, այսինքն՝ պետք է հզորությունը ավելացնել և անհրաժեշտ գազի քանակությունը տեղափոխենք Իրանից Վրաստան: Հիմա բանակցությունները գնում են, և մենք կարողացանք իրանական գազը Հայաստանի միջոցով տեղափոխել ու հասցնել Վրաստան»,- ասաց պատգամավորը:
 
Ըստ Վարդան Այվազյանի՝ Իրանի հետ հնարավորությունների հարցում պետք է նախանձախնդիր լինել, քանի որ ՀՀ-ի համար ձեռնտու տարբերակներ կան:
 
Tert.am-ի դիտարկմանը, թե ինչպես են այդ հնարավորությունից օգտվելու, եթե գազամուղը պատկանում է «Գազպրոմին» և պետությունը որևէ լիազորություն չունի այդ գազամուղի նկատմամբ, Վարդան Այվազյանը հակադարձեց, թե ՀՀ-ում գտնվող ցանկացած ապրանք և որևէ բան, անկախ սեփականության ձևից, այդ երկրինն է:
 
«Հիշեք դա, որևէ մեկը այդ սեփականության պետական նշանակության օգտագործման համար քեզ չի կարող պայման թելադրել: Այսինքն, եթե վաղը մի մասնավոր հիվանդանոցում ես հիվանդ լինեմ, ինձ բուժօգնություն ցույց չտա, ես կարող եմ զրկել նրան իր ունեցվածքից, դա օրենքներով է ամրագրված, և այնպես չէ, որ Ռուսաստանը կարող է ասել, թե իմն է»,-ասաց նա:
 
Հարցին, թե Հայաստանի իշխանությունները Վրաստանի իշխանություններին խանդով չեն վերաբերվո՞ւմ՝ հաշվի առնելով էներգետիկ ոլորտում նրանց բանակցությունները ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի հետ միաժամանակ, Վարդան Այվազյանը պատասխանեց, թե իհարկե խանդով կարող են վերաբերվել, բայց հիշեցրեց, թե ամեն ինչի համար վճարում են:
 
«14 հազար քառակուսի մետր կորցրեցին, այնպես որ ամեն ինչ իր գինն ունի աշխարհում: Ես Վրաստան այցելում եմ ամեն շաբաթ, գիտեմ առավելություններն էլ, պրոբլեմներն էլ, և եղել են տեսակետներ, որ ինձ ասել են՝ հաճելի է, որ դուք այս տարբերակով եք գնում»,–ասաց նա։