Հայաստանը կբանակցի գազի գնի արտոնյալ պայմանների շուրջ. Շավարշ Քոչարյան


13:54 , 10 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի հետ գազային համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության փոփոխությամբ Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող գազի 165 դոլար գինը ֆիքսվել է կարճատև ժամանակահատվածի համար, որպեսզի բանակցություններն ընթանան առավել արտոնյալ պայմանների շուրջ:

Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով գազի գնի պահպանման վերաբերյալ կառավարության հաստատած նախագծին:
 
«Գազի գինը պահպանվում է, որպեսզի բանակցությունները գնան ավելի արտոնյալ պայմանների շուրջ»,-ասաց նա:
 
Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին նախագիծը:
 
Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանն ասաց, որ հայկական կողմը դիմել է Ռուսաստանին առաջարկով, որ ՀՀ-ին  մատակարարող գազի գինը  վերանայվի:

«Հաշվի առնելով, որ բանակցությունները շարունակվում են, պայմանավորվածություն է  ձեռք բերվել պահպանել նույն գինը մինչև 2016 թվականի առաջին եռամսյակ»,-ասաց նա: 

Այսպիսով գազի գինը կշարունակի մնալ 165 դոլար՝ այս տարվա առաջին եռամսյակում: