12:48 , 10 մարտ, 2016
Սան Պաուլուի դատախազությունը Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային մեղադրանքներ է ներկայացրել սեփականությունը թաքցնելու և ոչ հավաստի տեղեկություններ տրամադրելու գործով, հաղորդում է vesti.ru-ն:
Հաղորդվում է, որ փողերի լվացման համար նաև մեղադրում են երկրի նախկին նախագահի կնոջը՝ Մարիա Լետիսիային, և նրանց ավագ որդի Ֆաբիու Լուիսին:
Խոսքը Սան Պաուլու նահանգում Գուարուժա առողջարանային քաղաքում շքեղ բնակարանի մասին է: Քննիչների վարկածով՝ այն պատկանում է Լուլա դա Սիլվային և նրա ընտանիքին, սակայն նրանք դա չեն նշել ունեցվածքի հայտարարագրում։ Իրավապահ մարմինները նաև կասկածում են, որ բնակարանը ներգրավված է եղել փողերի լվացման սխեմայում, որին, նրանց կարծիքով, կարող էր մասնակցել նաև նախկին նախագահը։
Լուիս Ինասիու Լուլու դա Սիլվային, ով իշխանության ղեկին է գտնվել 2003-2011 թվականներին, համարում են 2018 թվականի ընտրություններին իշխող կուսակցությունից երկրի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկը։