10:56 , 10 մարտ, 2016
«Ռազմաարդյունաբերական սուրհանդակ»-ի փորձագետի վերլուծությունն աչքի է ընկնում իր սուբյեկտիվ գնահատականներով և տեղեկատվությամբ:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով նրան, որ ռուսական «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ» մասնագիտացված ռազմական շաբաթաթերթի փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը «
Ֆորպոստ՝ մի շարք հարցերով...» վերնագրով հոդվածում մի շարք տվյալներ է հրապարակել հայկական զինված ուժերի վերաբերյալ։
«Գնահատականները մի կողմ, բայց սույն փորձագետի տվյալներում կան բազում անճշտություններ ինչպես հին, այնպես էլ երևակայական տվյալներ, ինչը բնական է անկախ փորձագետի պարագայում, որովհետև ոչ մի փորձագետ չի կարող որևէ պետության, ըստ որում, դինամիկորեն իր զինված ուժերը թարմացնող, Զինված ուժերի տվյալներն ունենալ: Դա հասու չէ»,- հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ «Ֆորպոստ՝ մի շարք հարցերով...» վերնագրով հոդվածում ոչ միայն տվյալներ են հրապարակվել հայկական զինված ուժերի վերաբերյալ, մանրամասն անդրադարձ է կատարվել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներին, թե օրինակ՝ որտե՞ղ են դրանք տեղակայված, ի՞նչ սպառազինություն ունեն, ի՞նչ քանակությամբ ռազմական տեխնիկա և այլն։
Նշենք, որ ռազմական փորձագետը գնահատել է նաև հայկական բանակի ռազմական ներուժը և հնարավոր դերը ռուս-թուրքական հնարավոր զինված առճակատման դեպքում։
Tert.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը հայտարարեց, որ այս քայլը ոչ այլ ինչ, քան դավաճանություն ռազմավարական դաշնակցի հանդեպ, չի կարելի գնահատել: